Դաշնակցականներն առնվազն պետք է լռեն, երբ խոսքը գնում է կրթության ոլորտի փրկության մասին

Հայաստանի կրթական համակարգն այսօր անխոս չափազանց բազում խնդիրներ ունի, խնդիրներ, որոնք կուտակվել են 30 տարիների ընթացքում։ Խորհրդային միության փլուզումից ու Հայաստանի անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը դարձել էր իսկական փորձարարական լաբորատորիա, դպրոցները վերածվել էին փողերի «լվացքատան» և կուսակցական գրասենյակների։ Այդ ամբողջ խնդիրները տասնամյակների ընթացքում ոչ թե լուծվում էին, այլ հակառակը բազմապատկվում էին։

Տասնամյակներ շարունակ հանրակրթական դպրոցներում և ԲՈՒՀ-ում տարատեսակ կրթական ծրագրեր էին ներդրվում, որոնց անվան տակ միլիոնավոր դրոլարներ էին ծախսվում և որևէ դրական արդյունք չէր գրանցվում։ Ավելին, այսպես ասած կրթական նոր ծրագրերը ներդրվում էին քարուքանդ եղած դպրոցներում, այն դպրոցներում, որոնց մեծ մասում բացակայում էին նույնիսկ տարրական պայմանները՝ թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժական հանրույթի համար։

Այսօր էլ կրթական համակարգի խնդիրները շատ են, իսկ դրանց լուծման հեռանկարները մշուշոտ։ Այսօր էլ կրթական համակարգի վիճակը կարելի է սուր քննադատության ենթարկել, սակայն այդ քննադատությունը ծիծաղել է դառնում, երբ կրթական համակարգի քննադատության առաջամարտիկ են դառնում դաշնակցական ընկերները։

Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ քննադատում էր կառավարությանը, քննադատում էր, որ կրթական ոլորտում իշխանությունը չի կատարել իր պարտավարությունները, և ամենազավեշտալին այն էր, որ կառավարությանը մեղադրում էր նոր դպրոցներ քիչ է կառուցելու համար։ Այս մասին խոսում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի կուսակցական ընկերը՝ Լևոն Մկրտչյանը, 4 անգամ եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար 1998 — 1999, 2001 — 2003, 2006-2008, 2016-2018 թվակններին։

Չափազանց բարդ է հիշելը, թե ինչ զարգացում է ապրել հանրակրթական համակարգը դաշնակցական Լեւոն Մկրտչյանի օրոք է։ Մինչդեռ շատ հեշտ է հիշելը, թե ինչն է ծաղկել դպրոցներում ընկեր Լևոնի օրոք։ Դպրոցներում կաշառակերությունը և քաղաքական դիկտատուրան ծաղկել է։ Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման տարիներին գրեթե ոչ մի նոր դպրոց չի կառուցվել, իսկ եղածներն էլ ավելի են քայքայվել, գյուղական դպրոցները դատարկվել են, ծրագրային ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, աշխատավարձեր չի բարձրացվել, ուսուցչի դերը որքան հնարավոր է ցածրացրել են։ 30 տարիների ընթացքում դպրոցներում և բուհերում իդեալական գործել են ոչ թե կրթական ծրագրերը, այլ կոռուպցիոն սխեմաները։ Եվ հիմա, այսքանից հետո ընկեր դաշնակցականները դարձել են կրթական համակարգը փրկողներ, դարձել են կրթական համակարգի ազատագրման դրոշակակիրներ։

Ով-ով, բայց դաշնակցականներն առնվազն պետք է լռեն, երբ խոսքը գնում է կրթության ոլորտի փրկության մասին, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտի փրկօղակը եղել է հենց նրանց ձեռքում, սակայն այն որքան հնարավոր է ավելի հեռու են պահել համակարգից, որի արդյունքում մի քանի սերունդ զրկված է եղել որակյալ պայմաններում կրթություն ստանալու հնարավորությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ