ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Երևանի մի շարք քոլեջներ և ուսումնարաններ՝ տեղում ծանոթանալու առկա պայմաններին, ընթացիկ գործունեությանը և խնդիրներին:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, այցելել է Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջ, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան:
Շրջելով հաստատություններում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, պրակտիկաների անցկացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ, նրանց՝ ուսումնական ծրագրերի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածությամբ, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմաններով՝ սկսած ջեռուցման համակարգի պատշաճ գործարկումից ու ճաշարանների առկայությունից:
Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Արաքսիա Սվաջյանը հատկապես հետաքրքրվել է Կարիերայի կենտրոնի գործունեությամբ՝ ինչ աշխատանքներ են իրականացվում ուսանողների հետ, շրջանավարտների քանի տոկոսն է ուսումնառությունից հետո մասնագիտությամբ աշխատանք գտնում և այլն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է լաբորատոր պայմանների առկայությամբ, գործնական հմտություններն ակտիվ փորձարկելու հնարավորություններով, ինչպես նաև, թե ուսանողները կրթության որակի բարելավման առումով ինչ հարցեր են կարևորում: Ուսանողների հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ բժշկությունն ամենաառանցքային ոլորտներից է, որտեղ որակյալ մասնագետի կարիքը բոլոր ժամանակներում առաջնային է:
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում Արաքսիա Սվաջյանն առանձնակի հետաքրքրվել է անհրաժեշտ երաժշտական գործիքների առկայությամբ՝ ընդգծելով նյութատեխնիկական բազայի և սարքավորումների հագեցվածության խնդիրը մասնագիտական կրթության կազմակերպման հարցում: Ներկայացնելով ուսումնական գործընթացը՝ քոլեջի պատասխանատուները նշել են, որ ուսանողներն ապահովված են գործիքներով, իսկ ուսանողները պատմել են ուսումնառության մասին՝ խոսելով իրենց հետաքրքրությունների շրջանակի, հետագա անելիքների, կրթությունը շարունակելու ծրագրերի մասին:
Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում ևս Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, ծանոթացել ուսանողներին հուզող հարցերին: Նրան, մասնավորապես, հետաքրքրել է՝ ինչ սկզբունքով են առաջնորդվել ուսանողները մասնագիտություն ընտրելիս, ինչպես են պատկերացնում աշխատաշուկայում իրենց մասնագիտությունն իրացնելու հնարավորությունները և այլն: Փոխնախարարին ներկայացվել են տարբեր կուրսերի ու մասնագիտությունների ուսանողների աշխատանքներն ու նրանց ձեռքբերումները: Տնօրենի խոսքով՝ արդեն երկրորդ տարին է՝ խեցեգործությունը ներդրվել է որպես նոր մասնագիտություն, որն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում:
Նախարարի տեղակալի այցերն ուսումնական հաստատություններ շարունակական են լինելու: