Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը՝ (COP29)-ը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 պետության և կառավարության ղեկավար հաստատել է իր մասնակցությունը համաժողովին։ Միաժամանակ նկատենք, որ աշխարհի մի շարք առաջնորդներ և պետական պաշտոնյաներ հայտնել են, որ չեն մեկնելու Բաքու՝ պատճառաբանելով տարբեր հանգամանքներով:
Հայաստանի Հանրապետությունից ևս պատվիրակություն այս պահին չի մեկնել՝ թեև Բաքուն պաշտոնական հրավեր է ուղարկել Երևանին: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում կրկին հայտնել է, որ COP29-ին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում հայկական կողմը չունի:
Իրավագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ճիշտ է համարում, որ Հայաստանի չմասնակցի Բաքվում անցկացվող միջոցառմանը:
«Որովհետև մենք չենք գնում COP29-ին լեգիտիմացնելու Ադրբեջանի կեցվածքը և «պարզաջրելու» նրա կերպարը: Հետևաբար, եթե ՀՀ-ին հուզող հարցով չկա դրական ակնկալիք, իհարկե, չմասնակցելը ճիշտ է: Մենք անելիք չունենք մի միջոցառումում, որի կազմակերպիչը շարունակում է առնվազն 23 հայ գերի պահել, անհասկանալի ծավալապաշտական պահանջներ առաջ քաշել, մատների վրա խաղացնել միջազգային հանրությանը»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է բազմաթիվ երկրների ղեկավարների չմասնակցելուն՝ զրուցակիցը նկատում է՝ այն խրախուսական միջոց էր, որպեսզի Ադրբեջանը հակվի դեպի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սակայն չօգտվեց այդ հնարավորությունից:
Արտաշես Խալաթյանի խոսքով՝ Ադրբեջանը կգնա խաղաղության միայն այն դեպքում, եթե լինի արտաքին համարժեք ճնշում, որի համար պետք է մեծ աշխատանք տանել:
Իրավագետի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում: