Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխան հայտարարությամբ է հանդես եկել` երկրպագուներին կոչ անելով մարզադաշտում աջակցել հավաքականին:
ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Առջևում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են: Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կհյուրընկալի Ֆարերյան կղզիների հավաքականին, իսկ նոյեմբերի 17-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմին:Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը: Ուստի կոչ ենք անում բոլոր երկրպագուներին գալ մարզադաշտ և, ինչպես միշտ, աջակցել Հայաստանի ազգային հավաքականին Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ տնային խաղում:Ինչ վերաբերում է երկրպագուական շարժումների՝ տոմսերի վերաբերյալ հայտարարությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նրանց հանդեպ չկա որևէ խոչընդոտ տոմսերի ձեռքբերման հարցում: Նրանց համար նախատեսված տոմսերը, ինչպես միշտ, ամրագրված են տոմսերի վաճառքի օնլայն հարթակում և հասանելի կլինեն այսօր՝ սկսած 15:00-ից:Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ այս թեմայի շուրջ ցանկացած տեսակի շահարկումներից»:
Ավելի վաղ Ֆան-շարժումները հայտնում էին, որ չեն կարողանում տոմսեր ձեռք բերել ընտրանու առաջիկա խաղի համար: