«Իմ տունն իմ ամրոցն է» խոսույթը պետք է դառնա «Մեր պետությունն է մեր ամրոցը»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացի-պետություն-համայնք հարաբերությունների խնդիրներին։

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քաղաքացու և պետության, ինչպես նաև համայնքի միջև առկա է ճեղք։

«Մեզանում շատ քննարկված հարց է, որ հատկապես բազմաբնակարան շենքերի պարագայում շենքից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շենքից դուրս՝ բոլորովին ուրիշ։ Եվ այստեղ է այս ճեղքը, որ առաջանում է, որովհետև, սկսած շքամուտքից, բակից, քաղաքացին չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք ունի տան դռնից ներս։ Այստեղ մեր սոցիալ-հոգեբանությունը ձևակերպված է «Իմ տունը իմ ամրոցն է» խոսույթի ներքո»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսպիսի մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի ձևավորվի նոր սոցիալ-հոգեբանություն, որտեղ «Մեր պետությունն է մեր ամրոցը», և յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական տան սահմաններում, այլ նաև պետական ու համայնքային մակարդակներում։

«Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ «Մեր պետությունն է մեր ամրոցը»։ Իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմից ներս, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմից դուրս շատ որոշակի պատասխանատվություն ունենք», – ասաց վարչապետը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ