Մեծ երազանք․ չվախենալ քայլ անել դեպի հրաշքը

Մեծ երազանք․չվախենալ քայլ անել դեպի հրաշքը․ Անահիտ Մխիթարյանը՝ ամանորյա ֆիլմի սցենարի մասին

«Նոր տարվա կինո» ֆիլմի մասին պատմում է Անահիտ Մխիթարյանը և Ելենա Արշակյանը

-Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է:

-Վստահորեն կարող եմ ասել,որ այս ֆիլմը մեր երկուսի համար էլ, մեր կյանքի կարևորագույն նախագիծն է: «Նոր տարվա կինո»-ն, ուղղակի ֆիլմ չէ, սա մեր երազանքն է ու մեր մասին է:

Գաղափարը իմ ու Ելենայի մոտ է ծնվել՝ երեք տարի առաջ ու այս երեք տարիների ընթացքում մենք բազմաթիվ արգելքներ ենք հաղթահարել, բավականին երկար ճանապարհ ենք անցել, ու այսօր՝ նայելով այդ ճանապարհին, հասկանում եմ, որ հենց երազանքին հավատալն է ստիպել, որ կանգ չառնենք:

-Ինչու՞ է ընտրված այս թեման։

Այսպես բացատրեմ՝ թեմա չենք ընտրել, պարզապես հստակ գիտեինք, որ ֆիլմը պիտի լինի ԵՐԱԶԱՆՔԻ մասին , ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԻ ու այն կարևոր ԳԱՂԱՓԱՐԻ , որ մեծ ցանկությունը, սերը, հավատը , կամային լինելը և կողքինիդ ձեռքը բռնելը՝ երազանքին հասնելու միակ ճանապարհն է:

Ֆիլմը սովորեցնում է հավատալ, սպասել հրաշքին ու ամենակարևորը ՝ հենց պահը գա, չվախենալ քայլ անել դեպի հրաշքը: Առաջին հայացքից ուրախ ու թեթև ֆիլմ է, իր մեջ շատ մեծ ուղերձ ունի: Հույսը մեծ է, որ ուղերձն ու հիմնական ասելիքը դիտողին կվարակեն մեր գաղափարով:

Ֆիլմում հերոսներին կերպարանավորել են Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Արթուր Կարապետյանը,Գրետա Մեջլումյանը, Անահիտ Քոչարյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆ Հարությունյանը, Զառա Սահակյանը և մեր փոքրիկ հերոսները`Վիկան ու Նվերը:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են թե Երևանում, թե Հայաստանի մարզերում: Ամեն մարզում ներկայացնելով տվյալ բնակավայրին բնորոշ կոլորիտն ու առանձնահատկությունները: Տեսարաններ կան նաև Լափլանդիայից:

Ֆիլմում կան անիմացիոն դրվագներ, բավականին հետաքրքիր ու գեղեցիկ պատկերավորած:

-Ո՞ր տարիքային խմբի համար է ֆիլմը։

Ֆիլմը բոլորի համար է ու ցանկացած տարիքային խմբի հանդիսատես կգտնի ասելիք, կհանդիպի իր համար շատ ուշագրավ, տպավորիչ տեսարանների։

Ինչ խոսք, հատկապես մեր օրերում, դժվար է մարդկանց հավատացնել հրաշքների, սովորաբար հրաշքի սպասումով ապրում և մինչ պատանեկություն հավատով մեծանում են երեխաները, բայց հասուն տարիքում կորցնում կամ փոշիանում է երազանքը։

Բայց մենք սյուժեի զարգացումներում համոզիչ կերպով հասունացնում և փայփայում ենք այդ հրաշքի սպասումը այնպես, որ հենց մեծերը հավատան երազանքին, այս ֆիլմից հետո ուրիշ աչքերով սկսեն նայել կյանքին, հիշեն ու վերապրեն նոստալգիկ հիշողություններ՝ իրենց մանկության ու պատանեկության երազանքների մասին:

-Ֆիլմը կոմերցիոն նպատակով միայն կցուցադրվի կինոդահլիճներում, թե՞ նաև հեռուսատեսությամբ հասու կդառնա մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։

Ելենա Արշակյանի ու իմ հեղինակած ֆիլմը ցուցադրվելու է միայն կինոթատրոններում, նոյեմբերի 21-ից, դեկտեմբերի 11 -ից էլ արդեն Ամերիկայում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիտելու այն՝ կրկին կինոդահլիճներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ