Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար պատասխանատվություն է նախատեսված Քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածով։
Նշված հոդվածի համաձայն՝
1. Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ տևողությամբ՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով), կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ`2-5 տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) զենքով՝
պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով: