Գալստանյանը սխալվեց․ ոչ միայն չեմպիոն չդարձավ, այլև ֆինիշին չհասավ

Civic.am-ը քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ զրուցել է ԱԺ-ում անցկացված ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների, ԱՄՆ ընտրությունների և մեր ընդդիմության գործունեության մասին։

Խոսելով այն մասին, թե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ինչպես կազդեն Հայաստանի վրա, քաղաքագետն ասաց, որ որքան էլ վերջին օրերին ամերիկյան սոցիոլոգիական հարցումներն ասում էին, որ Հարիսը որոշակի, թեկուզ փոքր առավելություն է ունենում, բայց այնուամենայնիվ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց, այսինքն՝ ԱՄՆ քաղաքացիներն ընտրեցին Թրամփին, և բնականաբար, այն քաղաքականությունը, որը մենք տեսել ենք Բայդենի և Հարիսի կառավարությյան ժամանակահատվածում, լուրջ փոփոխությունների կենթարկվի։

«Սակայն այստեղ կարևորը հետևյալն է՝ անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Դոնալդ Թրամփը, մենք պետք է այս ընթացքում փորձենք հասկանալ, թե նա իրականում ինչպիսի գործնական քայլեր է կատարում իր նախընտրական խոստումներն իրականացնելու դեպքում։ Նույնիսկ երեկ արդեն, երբ որ անցել էր Դոնալդ Թրամփի ընտրության 24 ժամը, ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում էին Թրամփին, որ նա նախընտրական արշավի ընթացքում հայտարարել է, որ իր ընտրության դեպքում կկանգնեցնի Ռուսաստանի և Ուկրաինայի կոնֆլիկտը, ինքը պարզապես կվերցնի հեռախոսը, կզանգահարի Պուտինին, կզանգահարի Զելենսկուն և այդպես կկանգնեցնի պատերազմը։ Հիշեցնելով նրա նախընտրական խոստումը՝ ԶԼՄ-ներն ասում էին, որ արդեն անցել է 24 ժամը, և պատերազմը կանգնեցված չի, և Պուտինի հարցազրույցը տեղի չի ունեցել։ Իհարկե Զելենսկին և Թրամփը զրուցել են, բայց այնուամենայնիվ Թրամփն այդ 24 ժամվա խոստումն արդեն իսկ չի կատարել»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ մեր հիմնական ուշադրությունը պետք է սևեռվի այն հանգամանքի վրա, թե ինչպիսի արտաքին քաղաքական և անվտանգային թիմ է ձևավորում Թրամփը և ինչ գործնական քայլեր է կատարում իր նախընտրական ելույթները կյանքի կոչելու համար։ Քաղաքագետի խոսքով՝ եթե իսկապես Թրամփի նոր ձևավորվող թիմում լինեն այնպիսի գործիչներ, որոնք նախկինում ներգրավված են եղել հայկական շահերի պաշտպանության գործում, ապա այս առումով կարծում է, որ որոշակի հնարավորություններ կարող են բացվել Թրամփի ադմինիստրացիայի հետ ակտիվ աշխատելու համար։

Բագրատ Գալստանյանը հայտարարել է. «Մենք պայքարում ենք չեմպիոն դառնալու համար»։ Հարցին, թե ինչ մրցումների է պատրաստվում, որ պայքարում է չեմպիոն դառնալու համար, քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ չեմպիոնատի է մասնակցում պարոն Գալստանյանը, եթե դա սպորտին է վերաբերում, ապա կարծում եմ՝ նաև պետք է հայտարարի, թե ինքը որ սպորտաձևն է ներկայացնում։ Իսկ եթե ավելի լուրջ անդրադառնանք Գալստանյանի հայտարարություններին, ապա վերջին 6-7 ամիսները ցույց տվեցին, թե այդ չեմպիոնության քաղաքական հավակնությունները ինչի են հանգել։ Եթե խոսենք սպորտային տերմիոնոլոգիայով՝ ոչ միայն չեմպիոն չդարձան, այլ նաև բավականին հետ մնացին այդ ֆինիշից և նույնիսկ մրցանակային տեղեր չգրավեցին»,- հավելեց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ