«ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ հաստատվելու առումով ամենամեծ ռիսկը Մերձավոր Արևելքեի հետ է կապված, որից անմասն չի մնում նաև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փորձագետը մանրամասնում է, թե ինչպես են դրանք փոխկապակցված, և ինչ հետևանքներ կարող են ունենալ. «Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրան-Իսրայել կոնֆլիկտի հետ կապված, և եթե Իսրայելը կարողանա հասնել իր ուզածին և ԱՄՆ-ին ներքաշել ուղիղ պատերազմի մեջ, որը Բայդենի ադմինիստրացիայի պարագայում հնարավոր չէր, և հիմա այդ հավանականությունը ավելի բարձր է, եթե նման պատերազմ հասունանա, բնականաբար, դա Հայաստանի համար ռիսկեր է բերում, օրինակ՝ տնտեսական՝ կապված Իրանի հետ, ռիսկեր Ադրբեջանի հետ կապված: Որովհետև Իրանը Ադրբեջանին զսպող ամենակարևոր կոմպոնենտներից մեկն է, որ նա չհարձակվի Հայաստանի տարածքի վրա, և հատկապես ՀՀ հարավում՝ Սյունիքում, ռազմական գործողություններ չսկսվեն»:
Ներսիսյանի խոսքով՝ Իրանն այսօր ամենալուրջ ուժերից է, որ ուղիղ ասում է՝ «ՀՀ տարածքային ամբողջության խախտումն իր համար անընդունելի է», նաև 2021 թվականին անցկացրել է բավականին մեծ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին, որը դրական դեր է խաղացել այդ պահին:
«Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտին, որն Ադրբեջանը փորձում է առաջ տանել, և Իրանը նաև այն քիչ պետություններից է, որ դրա մասին ուղիղ և շատ հաճախ ամենաբարձր մակարդակով հայտարարում է և հիշեցնում Ադրբեջանին»,- նկատում է Ներսիսյանը:
Ըստ նրա՝ մեկ այլ վտանգավոր կոմպոնենտ է ռուս-ուկրաինական պատերազմը և մասնավորապես դրա հնարավոր ելքերը, որը ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա:
«Տարբեր սցենարներով կարող է իրավիճակը զարգանալ. Թրամփը գոնե մեկ անգամ փորձելու է ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնել՝ հանդիպման կամ զանգերի միջոցով, եթե դա տապալվի ու տապալվի ոչ թե Ուկրաինայի պատճառով, այլ ՌԴ-ի, կարող է շատ բան չփոխվել, կրկին Ուկրաինային օգնությունը և ոչ ուղիղ պատերազմը ՌԴ-ի հետ շարունակվի: Մյուս՝ ավելի վատ սցենարն այն է, որ եթե պատերազմի սառեցման հնարավոր չլինի հասնել, Թրամփն էլ որոշի, որ ԱՄՆ-ն չի աջակցելու Ուկրաինային, և Ուկրաինան ծանր պարտություն կրի, որը գլոբալ Արևմուտքի պարտությունը կլինի պոստսովետական երկրներում, դա կարող է շատ վատ անդրադառնալ Հայաստանի և ռեգիոնի վրա: Ամենապարզ օրինակը, որ ամեն կերպ Հայաստանից կփորձեն ստանալ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական ճանապարհով, կստիպեն, որ զիջման գնա, և լինի միջանցք ռուսական FSB-ի վերահսկողությամբ»,- նշում է Լեոնիդ Ներսիսյանը:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների, այդքան խոսվող Խաղաղության պայմանագրի և նոր ագրեսիայի հնարավորության մասին՝ Ներսիսյանը նկատում է, որ Հայաստանը Խաղաղության պայմանագրի պրոցեսում արել է ամեն ինչ, ինչ որ կարող էր, մի բան էլ՝ ավելին, սակայն, միևնույն է, Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք շատ հաճախ անիրատեսական են:
«Դրա ամենալավ օրինակը Սահմանադրության փոփոխության պահանջն է: Ակնհայտ է, որ այդ պայմանները դնում են միայն նրա համար, որ չստորագրեն Խաղաղության պայմանագիր. կա՛մ ժամանակ են ձգում՝ հասկանալու համար, թե Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ինչ կարծիքներ է ունենալու Հարավային Կովկասի շուրջ, կա՛մ ձգում են, որովհետև ոչ մի դեպքում չեն ուզում ստորագրել դա և համարում են, որ այլ գործիքակազմով կարող են ստանալ այն, ինչ ուզում են: Իսկ նոր պատերազմի ռիսկը, և այն, որ Ադրբեջանը մի օր նորից կհարձակվի Հայաստանի վրա, միշտ կա, եթե հարևանը ամեն շաբաթ տարբեր խնդիրներ է բարձրաձայնում և այնպիսի նարատիվներ շրջանառում, ինչպես, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանն»-ն է: Այդ մթնոլորտի մեջ շատ ակնհայտ է, որ պատերազմի ռիսկերը կան, ու արդեն կարևոր չէ՝ այդ ռիսկը 5 տոկո՞ս է, 10, թե՞ 50: Եթե 5 տոկոս ռիսկ էլ կա, պետությունը պետք է ամեն ինչ անի՝ դրանք չեզոքացնելու և նեգատիվ սցենարին պատրաստ լինելու համար: Իսկ միակ միջոցը այդ 5 կամ 50 տոկոսը զրոյացնելու այն է, որ թշնամին հասկանա՝ այդ հարձակմամբ ոչ մի բանի չի կարող հասնել»,- ասում է Ներսիսյանը:
Հարցին՝ հայկական կողմը պատրա՞ստ է դրան, նա պատասխանում է. «Մենք դեռ աշխատելու տեղ ունենք, բայց եթե խոսքը փոքր հարձակումների մասին է, ավելի պատրաստ ենք, քան, օրինակ, 2021 թվականին: Եթե խոսքը ավելի մեծ՝ լայնածավալ պատերազմի մասին է, դեռ ահագին աշխատելու տեղ կա, և պետք է հասկանալ, որ մի օրում հնարավոր չէ ամեն ինչ անել, դրա համար ժամանակ է պետք»:
Միաժամանակ փորձագետը նկատում է՝ շատ դրական միտում է այն, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան շարունակվում է, և կարևոր է այդ ուղղությամբ աշխատանք տանելը. «Շատ կարևոր է, որ մենք դա կարողանանք պահել նաև Թրամփի ադմինիստրացիայի հետ, որովհետև վերջին 2-3 տարվա մեջ ահագին փոփոխություններ եղան, գրեթե զրո կետից ահագին առաջընթացներ ունենք, և պետք է այդ դինամիկան պահել: Շատ կարևոր է, թե ինչպես է Թրամփի կառավարությունը աշխատելու և ինչ որոշումներ է ընդունելու»: