Գնում ենք արտահերթ ընտրության, պետք է հրատապ որոշում կայացնենք, որ Գյումրիում իրավիճակը փրկենք. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ նոյեմբերի 8-ին նախաձեռնած ավագանու արտահերթ նիստը չկայացավ: «Հանրապետական», «Զարթոնք», «Ապրելու երկիր» խմբակցություններն ու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը չներկայացան նիստին, քվորում չապահովվեց:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ այս նիստը հրավիրվել էր օրենքի պահանջով: Եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա ոչ շուտ, քան 30 օր, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրությունների օր:

«Այս նիստը նախաձեռնվել էր, որպեսզի օրենքի շրջանակներում մենք գնանք արտահերթ ընտրությունների, որովհետև մենք ունենք համոզմունք, որ գյումրեցին պետք է որոշի, թե ով է լինելու համայնքի ղեկավար: Չնայած «Բալասանյան» դաշինքը՝ որպես առաջին և շատ ձայներ հավաքած ուժ, պատասխանատվության իր բաժնից հրաժարվել է, և հիմա մենք ենք մանդատների թվով ամենամեծ խմբակցությունը, գտնում ենք, որ ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելը լեգիտիմ գործընթաց չէ: Չեմ բացառում, որ ևս մեկ նիստ հրավիրելու փորձ անենք»,- ասաց Հարությունյանը:

Խմբակցության ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ տեղի ունեցող իրավական գործընթացը քաղաքական հարթություն տանելու և դրանք իրար հետ կապելու քննարկումներին՝ շեշտելով, որ իրավական գործընթացին քաղաքական նրբերանգներ հաղորդելն ազնիվ չէ:

««Բալասանյան» դաշինքի քայլերը հենց դաշինքը պետք է մեկնաբանի, բայց ինձ համար էլ է անհանգստացնող, որ այս պահի դրությամբ իրենք որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել և չեն բացատրել իրենց ընտրողներին, թե ինչու են այս քայլին գնացել, ինչը, կարծում եմ, շատ անազնիվ է»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ չկա՞ արդյոք մտավախություն, որ եթե «Բալասանյան» դաշինքը չմասնակցի ընտրություններին, ապա կխոչընդոտի գործընթացին, Հարությունյանն ասաց՝ ընտրությունների ընթացքում ով էլ օրենքին հակասող քայլեր անի, իրավական գնահատականի կարժանանա:

«Ցանկացած քաղաքական ուժ, եթե մասնակցում է ընտրության, ապա նպատակը մեկն է՝ հաղթանակ: Մենք գնում ենք ընտրության, բնականաբար, հաղթանակի ակնկալիքով: Հետո արդեն ինչ կլինի, ձայներն ինչպես կբաշխվեն, կորոշի գյումրեցին, ու ստեղծված իրավիճակում արդեն հնարավոր կլինի դիրքավորվել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ն շտապում և նախապես հայտարարված օգոստոսի փոխարեն ավելի շուտ գնում արտահերթ ընտրության, արդյոք կուսակցությունը ցանկանո՞ւմ է ԱԺ ընտրություններից 1,5 տար առաջ Գյումրիում իշխանություն ձևավորել, խմբակցության ղեկավարն ասաց. «Շատ դեպքերում մեզ մեղադրում են, որ մենք պրոցեսներն արագացնում ենք, միաժամանակ էլ ասում են՝ Գյումրին կոլապսի մեջ է, ինչու չեք արագացնում: Այո, քաղաքը փաստացի զրկված է գործադիր իշխանության ներկայացուցիչներից, և մենք, լինելով կառավարող ուժ, պետք է արտահերթ հրատապ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը փրկել: Հաշվի առնելով Գյումրու և գյումրեցու շահը՝ մենք ուզում ենք գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի քաղաքը կոլապսի չգնա, այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Իհարկե, մենք չենք մեր մանդատները դրել ու գնացել, բայց մենք մեր պատասխանատվության բաժինը գիտակցում ենք, և, դրանից ելնելով, պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների»:

Վերջինս նաև նշեց, որ օրենքը թույլ չի տալիս նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ուստի միակ ելքը արտահերթ ընտրություններն են:

Կա՞ արդյոք ներկա պահին Գյումրու քաղաքապետարանում կառավարման և տնտեսական ճգնաժամ՝ Հարությունյանը նկատեց՝ տեղյակ է, որ աշխատավարձերի վճարման հարցեր կան, որոնց կարգավորման ուղղությամբ Կառավարությունը փորձում է համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Ի՞նչ դժվարություններ ունի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը ստեղծված իրավիճակում: Կարճ զրույցում Բադալյանն ասաց՝ չունի, նախկինի նման իրականացնում է իր այն գործառույթները, որոնք միշտ է արել, ավել պարտականություններ չի ստանձնել: Իսկ թե ի՞նչ է կատարվում կառույցի ներսում, իրենց աշխատակիցներն ունեն դժգոհություննե՞ր, տեղյակ չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ