Խոսակցությունները, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը դուրս է գալու տարածաշրջանից, հերքում է Ռուսաստանը. Լիլիթ Դալլաքյան

Ռուսաստանի դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է արշավ կազմակերպել՝ ուղղված Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելուն։

Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ամրապնդումը, որպեսզի խրախուսեն Հայաստանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ:

Ըստ այդմ՝ ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը ճշգրտվի՝ Արևմուտքի շահերից ելնելով, և հասարակական-քաղաքական գործընթացներին տրվի հակառուսական բնույթ։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն ասում է, որ «հեքիաթները պետք է մի քիչ իրականությանը մոտ լինեն»:

«Ռուսաստանի հայտարարություններին լուրջ կարող է վերաբերվել, օրինակ, Արշակ Կարապետյանը, ես լուրջ չեմ վերաբերվում։ Իսկ եթե նման լուրեր ունի Դաշնությունը, ապա շատ լավ է։ Այսինքն՝ ստացվում է, որ այն խոսակցությունները, թե ԱՄՆ-ի նոր վարչակազմը դուրս է գալու տարածաշրջանից, հերքում է հենց Ռուսաստանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Քաղաքագետը չի կարծում, որ ռուսական կողմը այստեղ նկատի ունի ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, քանի որ երեք ամիս հետո ԱՄՆ 46-րդ նախագահը կթողնի իր աթոռն ու այդ պաշտոնը հունվարի 20-ին կհանձնի Դոնալդ Թրամփին։ Նա հիշեցնում է, որ Թրամփն էլ իր նախընտրական քարոզարշավներում մշտապես հայտարարում էր նախագահ դառնալուց հետո շատ հարցեր լուծելու մասին։

«Այն, որ Ռուսաստանի համար ինչ էլ պատահի, ու ինչ խնդիրներ էլ լինեն հայ-ռուսական հարաբերություններում, դրա մեղավոր Արևմուտքն է, նորություն չէ։ Աշխարհի բոլոր վայրերում Ռուսաստանը հրահրում է կողմերին, որ կոնֆլիկտ ստեղծի։ Հիմա իրենց տարածած հերթական հայտարարությունը գուցե ապացուցում է, որ ազդակներ ունեն՝ Թրամփը չի վարելու ռուսամետ քաղաքականություն, ինչքան էլ փորձեն համոզել, որ նա Պուտինի ընկերն է, ամեն ինչ Հայաստանի համար ավարտված է և այլն։ Ռուսաստանը գիտակցում է ու հիշում, որ Թրամփն էր առաջիններից մեկը, երբ ՌԴ-ի նկատմամբ սանկցիա կիրառվեց, մահացու զենքեր վաճառեց Ուկրաինային։ Բացի դրանից, նա նաև ասել է, որ եթե Ռուսաստանը չհամաձայնվի իր ծրագրին Ուկրաինայի հակամարտության հարցում, ինքը զինելու է ուկրաինական կողմին՝ մինչև հաղթանակը նրանցը լինի»,- ընդգծում է զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, նա նկատում է՝ չենք կարող պնդել, թե 2016-2020 թվականներին վարած քաղաքականությունը Թրամփը շարունակելու է, այդ պատճառով է, որ հիմա ՌԴ-ն փորձում է սրել իրավիճակը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ առկա տողն էլ, ըստ որի՝ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ամրապնդումը, Դալլաքյանի խոսքով, հերքել կարող է միայն ՀՀ իշխանությունը։ Նրա դիտարկմամբ՝ 30 տարի Ռուսաստանը սովոր է եղել, որ հայկական կողմն անելու է այն, ինչ ինքն ասի, հիմա փորձում է ցույց տալ, թե Հայաստանը չունի իշխանություն, և հարցերն Արևմուտքն է լուծում։

«Հետարքրքիր է, որ ՌԴ-ն Հայաստանի անունից է հայտարարություններ անում, բայց տակտիկան փոխել է․ եթե ժամանակին ասում էին, որ ՀՀ կառավարությունն է ուզում գնալ Արևմուտք, հիմա հասկանում են, թե իրենց վստահությունը հայ ժողովրդի մոտ ինչքան ցածր է ու փորձում են ժողովրդին չվիրավորելով՝ հասկացնել, թե Արևմուտքն է մեզ ասում՝ ինչ անենք։ Եթե հայ փորձագետներն ասեն՝ ուղղորդում չկա, Պուտինը կասի՝ կա, դրա համար այստեղ ՀՀ պաշտոնական պատասխանն է պետք․ Հայաստանը որոշումները կայացնում է իր ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։ Այս դեպքում, երբ ՌԴ-ն մունաթ է գալիս Արևմուտքի վրա, հայկական կողմը պետք է պաշտպանի ու ասի՝ մենք որևէ ճնշման չենք ենթարկվում»,- կարծում է նա։

Քաղաքագետը շեշտում է՝ իր համար մշտապես մերժելի են եղել «միայն դեպի Արևմուտք» կամ «միայն դեպի ՌԴ» նարատիվները, որովհետև դրանք երկուսն էլ արհեստական են։ Հայաստանը պետք է շփվի բոլոր երկրների հետ ու վարի բալանսավորված արտաքին քաղաքականություն։ ՀՀ-ն ինքնուրույն պետություն է, նկատում է նա, ու չպետք է կախված լինի միայն մեկ կետից։ Նոր դաշնակիցներ փնտրելը հակառուսակայնություն չէ։

ՌԴ հետախուզության այս հայտարարությունը Դալլաքյանը նաև ազդակ է համարում՝ ուղղված ՀՀ ղեկավարությանը․ «Մեր ղեկավարության համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շատ ծանր է տանում Արևմուտքի հետ որևէ շփում։ Երբ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վարչապետը ստորագրեց ճնշումների տակ, լավ գիտակցեց ՌԴ կարծիքը։ Սակայն այստեղ արդեն կարևոր է դառնում դիվանագիտական լեզվով Ռուսաստանին ասելը, որ ՀՀ-ն է որոշում իր արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը։ Դաշնությունում ընկալման խնդիրներ ունեն, բայց գուցե հասկանան»։

Ամեն դեպքում ինչպե՞ս կփոխվեն Թրամփի նախագահության օրոք Արևմուտք-Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ նա ընդգծում է, որ վերլուծություններ անելու շտապողականություն պետք չէ։ ԱՄՆ-ի նոր նախագահը անկանխատեսելի է․ «մի օր Պուտինը նրա ընկերն է, մի օր էլ հայտարարում է Կրեմլը ռմբակոծելու մասին». «Ընդ որում՝ Նահանգներում մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր ինստիտուտի մոտեցումը. նախագահը արտաքին քաղաքականությանը վերաբերող միայնակ որոշումներ չի կարող կատարել։ Առաջնային սենատները, օրինակ, պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Թրամփի պետքարտուղար Պոմպեոն նախկինում շատ հայամետ հայտարարություններ է արել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ