Թրամփը ՀՀ մասով մեկուսացման քաղաքականություն է վարել, բայց հիմա Հայաստանը անելիքներ ունի

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն ավարտվեցին, և նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թրամփին ուղղված իր շնորհավորանքի ուղերձում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին՝ հույս հայտնելով, որ Թրամփի նախագահության շրջանում կզարգանա երկկողմ հարաբերության ռազմավարական մակարդակը:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին՝ ԱՄՆ նոր վարչակազմը կպահպանի՞ այդ պատրաստակամությունը, թե՞ ոչ, քաղաքագետն ասաց. «Ես չունեմ նման լավատեսական կանխատեսումներ, ամենայն հավանականությամբ ԱՄՆ նոր նախագահը կշարունակի իր այն քաղաքականությունը, որը մենք տեսել ենք նախորդ ժամանակաշրջանում, երբ ինքն էր ԱՄՆ նախագահը: Դա մեկուսացման քաղաքականությունն էր, տարբեր տարածաշրջաններում Միացյալ Նահանգների՝ հիմնականում տնտեսական շահերով պայմանավորված գործունեությունն էր, ակտիվությունն էր, ինչը նշանակում է, որ Հայաստանի դեպքում ակտիվությունը նույն մակարդակի վրա դժվար թե լինի»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգները կարող է հույս դնել որոշակի էներգետիկ ոլորտում փոխգործակցության վրա, ինչի վերաբերյալ ակնարկ էր արել Ադրբեջանի նախագահն իր շնորհավորական տեքստում, Հայաստանի դեպքում նման հնարավորությունը շատ ավելի սուղ է։

«Բայց մյուս կողմից՝ պետք է նշել, որ Հայաստանն էլ իր հնարավորություններն ունի, որոնք հիմնականում վերաբերում են տարանցիկ ճանապարհներին: Այստեղ էլ Իրանի խնդիրը կա, որի նկատմամբ Թրամփի մոտեցումը, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չէ։ Այնպես որ, ընդհանուր առմամբ պետք է նշել, որ ավելի փոքր ակտիվություն եմ ես կանխատեսում»,- նշեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ