Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ևս մեկ երկիր այցելել

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը:

Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019թ.հունիսի 2-ին:

«Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ներկա պահին Մոնղոլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեծ չէ և սովորական անձնագրերով անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու շուրջ փոփոխություններ ենթադրող Արձանագրության կնքումը կարող է որոշակի խթան հանդիսանալ երկկողմ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնման համար, ինչպես նաև որոշակիորեն նպաստել երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

Արձանագրության նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով»,-նշվում է հիմնավորման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ