Հայաստանում զանգովի արդարադատության չկա․ Գալյանը՝ ՔԿ նախագահի ու Աղազարյանի միջադեպի մասին

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի համոզմամբ՝ Հայաստանում զանգովի արդարադատության չկա։

Այս մասին նա ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած դեպքին։

«Զանգովի արդարադատության մասին խոսում ենք, երբ զանգը հասնում է։ Ես արդյունքի վրա հիմնվող մարդ եմ, երբ կլինի զանգ, որի հիման վրա կլինի արդարադատություն, մենք կքննարկենք։ Իսկ խոսվել է զանգի մասին, որը չի իրականացվել, այսինքն՝ զանգովի արդարադատություն մեզ մոտ չկա»,- նկատեց նա։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնել էին Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Հիեցնենք, որ Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել են իրեն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ ստորև տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ