ԱՄՆ-ը պատրաստվում է արշավ կազմակերպել՝ ուղղված Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելուն։
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Ամերիկյան Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը խթանող մի շարք միջոցառումների աշխատանքները։ Նահանգներում կարևոր են համարում հայկական քաղաքական վերնախավի վրա «ուղղորդող ազդեցության» ամրապնդումը, որպեսզի խրախուսեն Հայաստանին՝ չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը դեպի արևմտամետ զարգացման ձևաչափ»,-ասվում է հյտարարության մեջ:
Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ ամերիկյան կառույցներին հանձնարարվել է ապահովել, որ Հայաստանի կառավարության աշխատանքը ճշգրտվի Արևմուտքի շահերից ելնելով և հասարակական-քաղաքական գործընթացներին տալ հակառուսական բնույթ։
Ավելի վաղ ռուսական արտաքին հետախուզությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է Վլադիմիր Զելենսկիին վարկաբեկելու լայնածավալ արշավ սկսել՝ նրան հրաժարական տալու մտադրությամբ։