Պարտավոր ենք ընդունել ընտրությունների արդյունքները. Քամալա Հարրիս

Իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը կոչ է արել դեմոկրատներին ընդունել նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և հաստատել, որ շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։

Նա համապատասխան հայտարարություն է արել Վաշինգտոնի Հովարդի համալսարանում ելույթ ունենալիս։

«Մենք պարտավոր ենք ընդունել այս ընտրությունների արդյունքները: Այսօր ավելի վաղ ես խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք իրեն և իր թիմին անցումային շրջանում և կմասնակցենք իշխանության խաղաղ փոխանցմանը»,- ասել է Հարրիսը՝ ընդունելվ, որ պարտվել է նախագահական ընտրություններում։

Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

Պատահական չէր, որ նա ընտրեց Հովարդի համալսարանը իր ներկայիս ելույթի համար: Հարրիսն ավարտել է այս բարձրագույն ուսումնական հաստատությունը, և նրա նախընտրական շտաբն աշխատում էր այնտեղ ընտրությունների օրը: Այնտեղից Հարրիսը նախատեսում էր երեքշաբթի երեկոյան հաղթական ելույթ ունենալ համախոհների համար, սակայն այս ծրագրերը չեղարկվեցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ:

Բայդենը ևս, հետևելով Հարրիսին, զանգահարել է Թրամփին և շնորհավորել նրան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ