Կապան այցելած իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինհրապարակներում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Իրանցի հյուրերին դիմավորեցինք Կապանի օդանավակայանում և ուղեկցեցինք դեպի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինհրապարակներ, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում իրանական ընկերությունները։
Իրանցի փորձագետները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։
Այնուհետև այցելեցինք Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածում իրանական կապալառուի կողմից կառուցվող ճանապարհահատված։ Հյուրերը ծանոթացան և շփվեցին իրանցի շինարարների հետ, ականատես եղան միջպետական ճանապարհի կառուցման մեծածավալ աշխատանքներին։
Վաղը կկայանան ամփոփիչ պանելային քննարկումները հայ փորձագետների մասնակցությամբ»,- ասված է գրառման մեջ։