Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ն «փակվելու է» և ԱՄՆ-ի մեկուսացման դեպքում Ալիևին զսպող այլ ուժ չի գտնվելու. Ռոբերտ Ղևոնդյան

ԱՄՆ-ն «փակվելու է» և մենք ունենալու ենք ավելի քիչ ԱՄՆ-ի դերակատարմամբ աշխարհ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուն։ Նշենք, որ վերջին տվյալներով՝ Թրամփը հավաքել է ընտրիչների 267, Քամալա Հարիսը՝ 214 ձայն:

«Շանսերն ամբողջ ընթացքում հավասար էին գնահատվում: Կարելի է ասել, որ վերջին շրջանում որոշ ուսումնասիրություններ ցույց էին տալիս, որ Թրամփի վարկանիշն աճել էր, ի տարբերություն Հարիսի վարկանիշի, որը վերջին մեկ-երկու ամսում նույն տեղում էր մնացել: Սրա արդյունքը մենք տեսանք ընտրությունների ընթացքում»,-ասաց նա։

Թրամփը, իրեն նոր նախագահ հռչակելով, հայտարարել է, որ պատրաստվում է վերջ տալ բոլոր պատերազմներին: Ըստ Ղևոնդյանի՝ սա պոպուլիստական հայտարարություն է. «Գիտենք, որ Թրամփի վերաբերմունքն Իրան-Իսրայել հակամարտության հարցում բավական ծայրահեղական է, ինչն անհանգստություն է առաջացնում։ Գիտենք, որ Ուկրաինայի հարցում Թրամփի մոտեցումները զիջումների գնալն է, որպեսզի պատերազմը դադարի և Ռուսաստանին պետք է ինչ-որ բան տալ, գուցե Ուկրաինան չհամակերպվի այդ իրավիճակի հետ և շատ բարդ կլինի առանց ԱՄՆ-ի աջակցության։ Այսինքն՝ այստեղ հայտարարություններն ավելի շատ հենց հայտարարությունների համար են, քան իրական գործողությունների»:

Քաղաքագետի խոսքով՝ ինչպես նախկինում Թրամփի կառավարման ժամանակ, այնպես էլ հիմա վերադառնալու է մեկուսացման քաղաքականությունը. «Այն քաղաքականությունը, որն ԱՄՆ-ն տանում էր վերջին չորս տարիների ընթացքում՝ 2025 թվականի հունվարից սկսած այլևս չի լինելու»:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Ամենայն հավանականությամբ այն տեմպերը, որոնք մենք վերջին ժամանակներում էինք տեսնում, չեն պահպանվի, Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում որոշակի արգելակում տեղի կունենա՝ անկախ այն բանից, որ Հայաստանը կփորձի զարգացնել այդ հարաբերությունները, կփորձի ռազմավարական մակարդակի հասցնել, ինչի մասին իր շնորհավորական ուղերձում ակնարկել է Փաշինյանը: Քանի որ Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումը մեկուսացումն է և միայն ֆինանասական հարաբերություններին ուշադրություն դարձնելը, այսինքն՝ ավելի ակտիվ աշխատել այնտեղ, որտեղ փող կա, ապա Հայաստանը լինելու է երկրոդական, երրորդական գուցե չորրորդական հետաքրքրություն, ինչը բերելու է ՀՀ-ի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների որոշակի սառեցման»:

Շուրջ մեկ ամիս առաջ հայտարարվեց, որ ԱՄՆ-ը կկրկնապատկի Հայաստանի զարգացման համար տրամադրվող գումարը: Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ ծրագրեր կլինեն նաև Թրամփի կառավարման ժամանակ՝ Ղևոնդյանն ասաց. «Գուցե այն ծրագրերը, որոնք արդեն գոյություն ունեն, որոնց վերաբերյալ արդեն փաստաթղթեր են ստորագրվել, շարունակվեն և հասնեն իրենց տրամաբանական ավարտին, բայց նոր նման ծրագրեր, առավել ևս ծրագրեր, որտեղ ԱՄՆ-ն պետք է գումարներ ծախսի, ես չեմ կանխատեսում: Թրամփն իշխանության է եկել մեկ կարգախոսով, որի հիմնական իմաստն այն է, որ ԱՄՆ քաղաքացիների վճարած հարկերը պետք է մնան ԱՄՆ-ում»:

ԱՄՆ-ի դերակատարումը վերջին տարիներին շեշտակի աճել էր նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ներկայումս, երբ ԱՄՆ նախագահ է դառնալու Թրամփը, Ղևոնդյանի կարծիքով՝ այս հարցը կհանձնվի տարածաշրջանային դերակատարներին. «Գուցե այստեղ որոշակի դերակատարում էլ շարունակի կատարել ԵՄ-ն՝ առաջին հերթին Ֆրանսիայի դեմքով, բայց այն, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը կամ հնարավորություններն ավելին են լինելու, քան մինչև այժմ՝ ակնհայտ է: Թրամփն իշխանության է գալու հունվարի 20-ին, մինչ այդ շարունակելու է իշխել Բայդենը, գուցե այդ ընթացքում նոր համաձայնություններ լինեն, գուցե նաև ֆինանասական աջակցության համաձայնություններ լինեն, որոնք կհարգվեն Թրամփի իշխանության կողմից, բայց ենթադրել, որ այն, ինչ չեն հասցնի անել մինչև հունվարի 20-ը, հնարավոր կլինի նույն ծավալով անել դրանից հետո, ես քիչ հավանական եմ համարում»:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներից հետո Հայաստանի դեմ վարվող Ադրբեջանի քաղաքականությանը՝ Ղևոնդյանն ընդգծեց, որ այն ավելի կկոշտանա. «Կանխատեսում եմ՝ հռետորաբանության էլ ավելի կոշտացում, Հայաստանի նկատմամբ ճնշման ավելացում, ավելի կոշտ դիրքավորում այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս համաձայնություն չի եղել: Ալիևը կարողացել է գործընթացը հասցնել մինչև ԱՄՆ նախագահական ընտրություններ, հիմա, երբ ընտրությունների արդյունքները նրա համար դրական են, Ալիևն ամեն ինչ կանի, որպեսզի գործընթացը ձգձգի, ևս երկու ամիս և կարողանա Թրամփի ժամանակամիջոցում իմ նշած ճնշումները Հայաստանի նկատմամբ կիրառել»:

Խոսելով նաև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Խնդիրն այստեղ այն չէ՝ խաղաղության պայմանագիր կստորագրվի, թե՝ ոչ, խնդիրն այն է՝ այդ խաղաղության պայմանագրում այն հատվածները, որոնք դեռևս համաձայնեցած չեն, ինչպե՞ս կհամաձայնեցվեն, հարցն այն է, որ Թրամփի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը և անձամբ Ալիևն այլևս որևէ զիջման այդ հարցերում չեն գնա և կպահանջեն, որպեսզի Հայաստանը միակողմանի զիջումներ անի այդ հարցերի վերաբերյալ: Դա կարող է վերաբերել և՛ խաղաղության պայմանագրին, և՛ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, և՛ այսպես կոչված միջացքին, և՛ սահմանազատման ու սահմանագծման հարցին: Թե ինչքան Հայաստանը կկարողանա այստեղ դիմանալ, ինչին կկարողանա հակադարձել, որտեղ կկարողանա իր շահն իրացնել՝ ցույց կտա ժամանակը»:

Մինչ այժմ՝ ըստ Ռոբերտ Ղևոնդյանի, Ադրբեջանին կարողացել է զսպել ԱՄՆ-ն. «Հաշվի առնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին միակ տերությունը, որը կանխեց պատերազմը Սյունիքում՝ ԱՄՆ-ն էր։ Ես կարծում եմ՝ այսօր ևս իրավիճակն այնպիսինն է, որ ԱՄՆ-ի մեկուսացման դեպքում Ալիևին զսպող այլ ուժ չի գտնվելու, բայց պետք է այնուամենայնիվ ամբողջապես վատատես չլինենք՝ հաշվի առնելով, որ ինչքան էլ, որ Թրամփի համար երկրորդական կլինի մեր տարածաշրջանը, այնուամենայնիվ ամբողջապես նա դուրս չի գա մեր տարածաշրջանից և ԱՄՆ-ն որոշակի դերակատարում ամեն դեպքում կունենա»:

Ղևոնդանն ընդգծեց, որ ստեղծված պայմաններում Հայաստանը պետք է փորձի իր դիմադրողականությունն ամրացնել բոլոր հնարավոր մեթոդներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ