Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարրիսն այսօր չի դիմի ժողովրդին և նախատեսում է ելույթ ունենալ վաղը՝ նոյեմբերի 7-ին, երբ ամեն ինչ ավելի հստակ կլինի:
Այս մասին ասել է Դեմոկրատական ազգային կոմիտեի ավագ խորհրդական Սեդրիկ Ռիչմոնդը:
«Մենք դեռ ձայներ ունենք հաշվելու: Մենք դեռ ունենք նահանգներ, որտեղ արդյունքը պարզ չէ: Մենք կշարունակենք պայքարել ամբողջ գիշեր, որպեսզի համոզվենք, որ յուրաքանչյուր ձայն հաշվարկվի, որ յուրաքանչյուր ձայն լսվի: Դրա համար դուք չեք լսի փոխնախագահին, բայց վաղը նա կվերադառնա այստեղ, որպեսզի դիմի ոչ միայն իր ընտանիքին, ոչ միայն իր համախոհներին, այլև ազգին»,- ասել է Ռիչմոնդը Հարրիսի շտաբում կազմակերպված միջոցառման ժամանակ:
ԱՄՆ-ի ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ Թրամփը գլխավորում է նախագահական ընտրությունները 7 «լողացող» նահանգից վեցում, ընդ որում՝ հանրապետականները կուսակցական մեծամասնություն են ստանում Սենատում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Ավելի վաղ Reuters գործակալությունը ևս հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր: