Աշխարհը հայտնվում է նոր տուրբուլենտության գոտում․ Հայաստանը պետք է շարունակի բալանսավորված արատքին քաղաքականությունը

Դոնդալդ Թրամփը դարձավ ԱՄՆ Սպիտակ տան 47-րդ ղեկավարը։ Անկախ այն հանգամանքից թե աշխարհն ինչ արդյունք էր սպասում այս ընտրություններից, սա է Միացյալ նահանգների ընտրությունը՝ ԱՄՆ 47-րդ նախագահը Դոնալդ Թրամփն է։

Բնականաբար Դոնալդ Թրամփով չի սկսվել աշխարհը և աշխարհը նրանով էլ չի կործանվի։ Սակայն Թրամփի ընտրությամբ աշխարհում ստեղծված իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել։ Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է և հետևաբար շատ դեպքերում հենց ԱՄՆ կառավարող ուժը էական ազդեցություն է թողնում գլոբալ աշխարհակարգի վրա։

Ամերիկյան կառավարման համակարգը բավական բազմաբևեռ է և այնտեղ այդ երկրի քաղաքականությունը շատ դեպքերում որոշում է համակարգը և ոչ թե նախագահի անձը, թեպետ նախագահների անձնական դիրքորոշումը նույնպես կարևոր դեր է խաղում թե՛ ԱՄՆ-ի, և թե՛ ընդհանուր համաշխարհային քաղաքականության վրա։

Ինչ կարող է փոխել Թրամփի ընտրությունը մեր տարածաշրջանում։ Անկախ ընտրությունների արդյունքից Հայաստանը պետք է նախևառաջ հարգի ամերիկացիների ընտրությունը՝ դուր գա դա մեզ, թե ոչ։

ԱՄՆ ընտրությունների արդյունքը հավանաբար զգալի ազդեցություն կունենա նաև մեր տարածաշրջանի վրա, մասնավորապես ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածության վրա։

Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը ստանձնել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ակտիվ միջնորդի դերը և խրախուսում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Բայդենի վարչակազմի օրոք նկատելի էր ԱՄՆ ներգրավածությունը մեր տարածաշրջանում հատկապես Հարավային Կովկասում Ռուսաստանի գործոնի թուլացման պարագայում:

Հայաստանը վերջին տարիներին բավական բազմակողմանի արտաքին քաղաքականություն է վարում։ Ինչը բնականաբար դրական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմի մեջ և այս կամ այն բևեռի հետ նույն ճանապարհով քայլելը կարող է կործանարար ազդեցություն ունենալ՝ մանավանդ փոքր պետությունների համար։ Գրեթե ամեն օր աշխարհը նոր մարտահրավերների առաջ է կանգնում, որոնցից զերծ չի մնում նաև մեր տարածաշրջանը, որն ինչ-որ առումով այսօրվա համաշխարհային պատերազմի փոքր էպիկենտրոններից մեկն է։ Այս առումով Հայաստանը պետք է շարունակի արդյունավետ քաղաքականություն վարել ԱՄՆ նոր վարչակազմի հետ և փորձի ստանալ ԱՄՆ աջակցությունը աշխարհաքաղաքական նոր փոփոխություններից սպասվող մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Բայց, միևնույն ժամանակ Հայաստանը պետք է շարունակի աշխատել և գործակցել նաև համաշխարհային մյուս խոշոր խաղացողների հետ։

Հայաստանի իշխանությունների զգուշավոր և բալանսավորված արտաքին քաղաքականությունն առայժմ հնարավորություն է տվել երկիրը զերծ պահել ակտիվ ռազմական գործողություններից, սակայն այսօրվանից սկսած արտաքին քաղաքականությանը զուգահեռ Հայաստանը պետք է ակտիվ զբաղվի նաև պաշտպանական և ռազմական անվտանգության խնդիրների կարգավորմամբ։ Իսկ դրա համար նույնպես չափազանց կարևոր է բալանսավորված քաղաքականությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ