Համաշխարհային մի շարք առաջնորդներ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ:
Նրան առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ներկայիս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին։
Նա իրեն անվանել է ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահ՝ ելույթ ունենալով աջակիցների առջև:
Ավելի վաղ Reuters գործակալությունը ևս հայտարարել էր Թրամփի հաղթանակի մասին։
Այդ մասին հայտնել է նաև հանրապետական Fox News հեռուստաալիքը:
Ըստ Associated Press գործակալության՝ նա ունի 267 ընտրական ձայն, The New York Times-ը նույնպես տվյալներ է հրապարակել 267 ձայնի մասին։ Ըստ Reuters-ի՝ այդ ձայները 266-ն են:
Հարրիսն ունի 226 ընտրիչի ձայն:
Սա նշանակում է՝ որքան էլ ավելանան գործող փոխնախագահ, նախագահի դեմոկրատական թեկնածու Հարրիսի ձայները, վերջինս չի կարողանա շրջանցել Թրամփին:
Նշենք՝ Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր: