Սպիտակ տան ղեկավարի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հայտարարությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է պետության ընտրված ղեկավար՝ ստանալով ձայների զգալի մեծամասնություն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ էլ՝ վերջինս ստացել է ընտրիչների ավելի մեծ թվով ձայները և մյուս արդյունքների հաշվարկն արդեն քիչ բան կարող է փոխել:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստացել է առայժմ ընտրիչների 277 ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը՝ 226. իրական ժամանակի ռեժիմով տվյալները թարմացնում է Fox News-ը:
Սրանք նախնական կանխատեսումներ են: Հատկանշական է, որ ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցների բոլոր կանխատեսումներում առաջատարը Թրամփն է:
Հանրապետականները նաև մեծամասնություն կստանան ԱՄՆ Սենատում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունների քվեարկության գործընթացն ամբողջությամբ ավարտված է, վերջնական հաշվարկը կտևի մի քանի օր:
Հիշեցնենք՝ երկրում ընտրում էին նախագահին, Սենատի մեկ երրորդին և Կոնգրեսի Ներկայացուցիչների ամբողջ պալատին, ինչպես նաև 11 նահանգների և երկու տարածքների կառավարիչներին:
Պետության ղեկավարի պաշտոնի համար հիմնական պայքարում են հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քամալա Հարրիսը: