ԱԺ 30 ընդդիմադիր պատգամավոր ստորագրել է գերիների հարցով մի տեքստի տակ, որտեղ բազմաթիվ վրիպակներ կան՝ «հայրենիք»-ը «հայրեիք» է, «գերեվարված»-ն էլ «գերևարված»

Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես նախորդիվ քանիցս գրել ենք, որոշել է խորհրդարանում իր առաջիկա օրերի աշխատանքը նշանավորել այս անգամ էլ Ադրբեջանում պահվող գերիների հարցը շահարկելով, և նոյեմբերի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում քննարկում իրականացնել գերիների թեմայով։

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 30 պատգամավորները, որոնք միացել են ԱԺ նախագահին ուղղված պահանջին, մասնավորապես նշել են, որ «ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև օրս, այլև առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։ Նման պայմաններում, ըստ հայրենի ընդդիմադիր պատգամավորների, Բաքվում COP29-ի անցկացմանը զուգընթաց «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային և միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երևույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով և ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված և պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին»։ Սույն պահանջը ներկայացնող պատգամավորների ներկայացուցիչն է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը (հիմնական զեկուցող)։

Հարկ է նկատել, որ ԱԺ նախագահին ուղղված և ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված պահանջի տեքստը, որի տակ ստորագրել է երեք տասնյակ պատգամավոր, լի է բազմաթիվ վրիպակներով։ (Երևի «վռազ» ռեժիմով են գրել-ուղարկել)։ Հատկապես կոպտագույն ու «դավաճանական» վրիպակ է տեղ գտել «հայրենիք» բառում և այն դարձել է «հայրեիք», դե իսկ պահանջի շահառուներին մատնանշող «գերեվարված անձանց» բառակապակցությունն էլ գրվել է ուղղագրական սխալով՝ «գերևարված» (մնացած վրիպակներն ու կետադրական սխալները կարող եք «վայելել»՝ աչքի անցկացնելով խնդրո առարկա տեքստն ամբողջությամբ)։

Ենթադրում ենք, որ տեղի ունենալիք քննարկման ժամանակ հայրենի օպոզիցիոներները նույն «երգն» են «երգելու», ինչպես օրեր առաջ ԱԳՆ-ի դիմաց էին «երգում» որոշ հայաստանական պատգամավորներ, թե՝ գերիների հարցը ՀՀ իշխանությունը չի բարձրացնում բանակցություններում, գերիներն անտեսված են ու անտերության մատնված, և ահա, ընդդիմությունն է միակ սրտացավ սուբյեկտը, որը շահագրգռված է նրանց ազատ արձակմամբ։

Անշուշտ, սույն քննարկումը, եթե այն ակնհայտ սպեկուլյատիվ նպատակներով հրավիրված չլիներ, կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը՝ նախանձախնդրություն ցուցաբերել հումանիտար այս հարցի հրատապ լուծման ուղղությամբ և ստիպել Բաքվի բռնակալին հարգել միջազգային իրավունքը։ Մեծ հավանականությամբ, եթե Բաքուն տեղի տա ճնշմանն ու ազատ արձակի գերիներին, դաշնակցա-ՀՀԿ-ական ագիտպրոպը այդ ենթադրյալ որոշումը հանրությանը մատուցելու է որպես բացառապես իրենց՝ ընդդիմության տքնանքի, անքուն գիշերների ու «պատռված կոկորդների» արդյունք։ Իշխանությունն էլ, բնականաբար, ըստ նույն ագիտպրոպի, տեղի ունեցածի հետ ոչ մի կապ չի ունենալու։

Հարկ է նկատել, որ ԱԺ-ում «Բյուջե 2025»-ի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց հղվեց գերիների թեմայով և COP29 համաժողովի առնչությամբ։ Թե․ «Հայաստանի համաձայնությամբ Ադրբեջանում նոյեմբերին COP29 նիստը պետք է կայանա, և այդ ժամանակ մենք հիշում ենք, որ նաև ազատ արձակվեցին պահվող անձինք, ովքեր Ադրբեջանում բանտարկված էին։ Հիմա մեր մասնակցությունն առիթ չէ՞ ևս մեկ այդպիսի արդյունք ստանալու՝ այսինքն հասնել նրան, որ ավելի, քան 30 ռազմագերի, որոնք այսօր պահվում են Ադրբեջանի բանտերում, ազատ արձակվեն, և Հայաստանի մասնակցությունը դրանով պայմանավորված լինի։ Այս հարցը գտնվում է օրակարգի մեջ, թե՞ ոչ»։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարն արձագանքեց․ «Ե՛վ COP-ի համատեքստում, և՛ COP-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք, և՛ Ադրբեջանի հետ մեր խոսակցություններում, և՛ այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում, գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, և նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք, անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման թիվ մեկ առաջնորդություններից մեկն է: COP-ին որևէ կերպ մեր մասնակցությունը հաստատված չէ, հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, և, իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև Ձեր ասածի համատեքստում:

(…) Այդ COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը, և այդ՝ ընդհանուր չասեմ գործարք, բայց մի խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ միաժամանակ, մի գործողությամբ ազատ է արձակվել: Այսինքն, մենք դա արել ենք, որ մեր գերիներն ազատ արձակվեն։ Ավելի թափանցիկ ինչպե՞ս է հնարավոր. ես ասեցի, որ մենք չենք բացառում, և Ձեր ասածն էլ, իհարկե, օրակարգի մաս է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ