ԱՄՆ նախագահական ընտրությունների, թեկնածուների, Հայաստանի վրա ընտրությունների հնարավոր արդյունքների ազդեցության և ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։
«Հարիսի ընտրվելու դեպքում, անկեղծ ասած, չգիտեմ ինչ կարելի է ակնկալել, բայց գիտեմ ինչ կարելի է ակնկալել Թրամփի ընտրվելու դեպքում, որովհետև Թրամփն արդեն մի անգամ եղել է նախագահ՝ մեզ համար ամենաողբերգական ժամանակներում։ Կարծում եմ՝ Թրամփի ընտրվելու դեպքում կարելի է ակնկալել լիակատար անտարբերություն ՀՀ-ի հանդեպ։ Ես սովոր չեմ հավատալ նախընտրական ամպագոռգոռ խոստումներին, սիրո խոստովանություններին և այլն»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Նա նշեց, որ նաև շատ բան կախված է այն բանից, թե մեր պետությունն ինչպես իրեն կդրսևորի, բոլոր դեպքերում ժամանակները շատ արագ փոխվում են, և մենք տեսնում ենք, որ պետության կողմնորոշումից, պետության արժեքային համակարգը բարձրաձայնելուց շատ բան է փոխվում նաև մեր հանդեպ վերաբերմունքում։
«Կարծում եմ՝ մեր ամենամեծ սխալը երկար ժամանակ եղել է այն, որ մենք երկար ժամանակ կարծել ենք, որ ուրիշ պետությունների քաղաքականությունը մեր երկրի հանդեպ մշտական բնույթ է կրում. դա այդպես չէ։ Կյանքը փոխվում է, փոխվում են երկրները, փոխվում են հարաբերությունները, շատ արագ պետք է այդ ամեն ինչի մեջ կողմնորոշվել, և եթե որոշակի արժեքների վրա ես կառուցում քո քաղաքականությունը, առաջին հերթին ներքին, իսկ արտաքինը բխում է ներքին արժեքային հայեցակարգից, նաև փոխվում են քո շրջապատը և քո հանդեպ վերաբերմունքը»,- նշեց Ռուբեն Բաբայանը։
Խոսելով նաև Թրամփի և Արամ Ա կաթողիկոսի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Արամ Ա-ն խոսել է միայն արցախահայության խնդիրներից և ոչ մի բառ չի խոսել Հայաստանի խնդիրների մասին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ երևի չի հետաքրքրում, և սա ընդհանրապես տարածված մոտեցում է. Սփյուռքի որոշակի շրջանակներին ընդհանրապես ՀՀ-ն որպես պետություն այնքան էլ չի հետաքրքրում։
Մանրամասն՝ տեսանյութում