Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել:
Այս մասին Ria.ru-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը, հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը: Մմենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնելը»,- ասել է նա։
Այդ ամենը, ըստ Լավրովի, պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ։
«Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք մղում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու»,- նշել է Լավրովը՝ հավելելով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ:
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի: