ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն:
«Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել:
«Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է.
«Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն:
Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:
«Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,- ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը:
«Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով փաթեթավորված»,- ասել է Մինասյանը:
Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա:
Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում:
«Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը:
Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում: