Հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «Կոնյակ» անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում:
Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Նախարարն ասաց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են արվում:
Ըստ նրա՝ երկու շաբաթից կմեկնարկի ԵՄ աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով՝ սահմանել շուկայահանվող կոնյակի որակական հսկողության ապահովման նպատակով լաբորատոր ենթակառուցվածքների պահանջները, նախագծել որակի վերահսկման կայուն համակարգ՝ արտադրանքի ստուգման և հավաստագրման ստանդարտացված ընթացակարգով, վերահսկել կոնյակի նոր անվանման օգտագործումը և զարգացնելու կարողությունները և այլն:
«Ընդ որում, կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ նոր անվանմամբ հայկական բրենդին գրանցվի որպես աշխարհագրական նշում, ունենա հստակ չափանիշներ, արտադրության, որակի հսկողության և վերահսկողության ճշգրիտ մեխանիզմներ, որոնց պետք է ենթարկվեն հայկական բրենդի արտադրողները, որոնք կօգտագործեն նոր աշխարհագրական անվանումը»,–ասաց Պապոյանը:
Նա հետագա փուլում անհրաժեշտ համարեց նաև նոր մարմնի կամ կազմակերպության հստակեցումն ու ամրագրումը, որը պատասխանատու կլինի կոնյակի վերաբրենդավորման շրջանակում նախատեսված գործընթացների իրականացման և համակարգման համար: