«Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը». Ադրբեջանի ԱԽ քարտուղար

Որոշ երկրների և կազմակերպությունների փորձերը՝ Հայաստանի տարածքն օգտագործել սպառնալիքների նոր օջախներ ստեղծելու համար, նման գործողությունների ինտենսիվությունը վերջին ամիսներին ավելի են սրում Հարավային Կովկասում առանց այն էլ լարված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ազերբայջան» թերթում հրապարակված իր հոդվածում։

Ռամիլ Ուսուբովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանում ռազմական ուժի կենտրոն, կարող է պարտված Հայաստանին պարտադրել կայուն խաղաղություն, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ստորագրում. «Բաքուն դա կարող է անել՝ հենվելով միջազգային իրավունքի պահանջների վրա, ինչպես նաև վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր։ Վերջին տասնամյակներին մենք ականատես ենք եղել գերտերությունների «խաղաղապահ» ​​գործունեությանը Աֆրիկայում, Ասիայում և նույնիսկ բուն Եվրոպայում՝ հիմնված «հաղթողներին չեն դատում» սկզբունքի վրա։ Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցային գործընթացում հեռու է ամբարտավանությունից: Խնդրի լուծումը ընկած է փոխվստահության մթնոլորտի, ինչպես նաև Հայաստանի՝ արտաքին կործանարար ազդեցությունից ձերբազատվելու վրա, ինչը կհանգեցնի նրա ձախողմանը։ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը»։

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլև դրա դրույթների իրականացման ապահովումը. «Պետական ​​սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում առաջընթացն ու իրադարձությունների ընդհանուր ընթացքը ցույց են տալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը: Եթե ​​Երևանն իր մեջ ուժ գտնի ձերբազատվելու իր հովանավորների կործանարար ազդեցությունից, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր կդառնա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ