Ձախողվել եմ. Բագրատ Գալստանյանի ուշացած խոստովանությունը

Երկօրյա բուժզննության համար արտերկիր (ըստ տեղեկությունների՝ ՌԴ) մեկնած «սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը օրերս կայքերից մեկին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ իր ղեկավարած շարժումը… ձախողվել է։

Հարցազրույցը՝ մասերի բաժանած, ի դեպ, հրապարակում է շարժման պաշտոնական կայքը։ Հերթական՝ հրապարակված կտորում Գալստանյանը մասնավորապես ազդարարում է. «Շատ հանգիստ Կիրանցում տեղի ունեցած դեպքերի հաջորդականության մեջ ես, օրինակ, կարող էի ասել՝ ինչ փորձեցի՝ փորձեցի, չեղավ, շարունակեմ իմ ընթացքը ինչպես որ կար։ Բայց ոչ, մենք հանձն ենք առել, էդ պատասխանատվությունը ստանձնել ենք իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով՝ կասեցնել էս գործընթացը, շարունակական աղետը։ Եվ այս համապատկերում պետք է դիտարկել ամբողջը…»։

Անխոս, պետք է գնահատել «սրբազան հոր» անկեղծությունը, թեկուզ՝ ուշացած։ Երբ մենք կամ որևէ այլ գործիչ էր դեռ ամռանն արձանագրում շարժման ձախողումն ու մարումը, սրբազանի նրբազանց հոգին տակնուվրա էր լինում՝ ստիպելով վերջինիս իրեն հատուկ ոճով հակադարձել։ «Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է կամ մարում է՝ ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, իսկ ոմանց մոտ էլ՝ կասկածներ և տագնապ։

Ցանկանում եմ հստակ, մեկ անգամ ևս ու ընդմիշտ արձանագրել՝ այս շարժումը նո՛ր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է»,- սեպտեմբերին հայտարարեց Գալստանյանը, որի մասնակցությամբ վերջին հավաքին հազիվ 1000 մարդ էր հրապարակ եկել։

Ինչ վերաբերում է նրա այն դիտարկմանը, թե կարող էր «շարունակել իմ ընթացքը ինչպես որ կար». Տավուշի թեմի առաջնորդը դեռ մայիսին դիմել էր «տնօրինությանը»՝ խնդրելով սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը։ «…Նկատի ունենալով լայն շրջանակների ակնկալությունը, անկեղծ, լեզուս էլ չի պտտվում ասելու, վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ՝ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում և ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես, Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել, և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար: Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան հայրենիքի, պետության զոհասեղանին»,- հայտարարել էր Գալստանյանը: Մինչդեռ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից պարզաբանման մեջ գործածված էր ոչ թե «սառեցում», այլ՝ «դադարեցում» եզրը։ «Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը»։

Գալստանյանի այս համառումը առիթ է եզրակացնելու, որ նրա համար քաղաքական անպտուղ գործունեությամբ զբաղվելն ավելի կարևոր է, քան Տավուշի թեմը, որը «բրախել» է արդեն ամիսներ շարունակ։

Ի դեպ, ընդդիմադիր շրջանակներում խոսում են, թե սրբազանն այլևս սպառել է իրեն և նրան պետք է ուղարկել «վաստակած հանգստի»։ Երևի չեն ասում, որ չնեղվի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ