Օրերս ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Նրանք խոսել են արցախահայության խնդիրներից, բայց Հայաստանի մասին կաթողիկոսը որևէ հարց չի բարձրացրել։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Այդ մարդկանց մոտ, այդ շրջանակի մոտ Հայաստանը, որպես պետություն, գոյություն չունի։ Այդ մարդկանց մոտ պետականություն ասվածը գոյություն չունի, նույնիսկ գոյություն ունենալու նախադրյալները չկան, մարդիկ տասնամյակներով այդպես ապրել են ու շարունակում են ապրել։ Սա, իհարկե, ողբերգություն է ավելի շատ։ Ես նույնիսկ քննադատության խոսքեր էլ չեմ գտնում, սակայն պետք է հասկանալ, որ դա մի իրողություն է, որի հետ մենք գործ ունենք և ինչ-որ ժամանակ էլ դեռ գործ ունենալու ենք։ Հետևապես կարծում եմ՝ սա պետք է ընդունենք ի գիտություն և շարժվենք առաջ՝ մեր պետական օրակարգով, մեր արտաքին քաղաքական օրակարգով, մեր անվտանգային քաղաքականության օրակարգով, մեր արտաքին տնտեսական քաղաքականության օրակարգով, մեր բոլոր մնացած քաղաքական օրակարգերով։ Իրենց էլ, ինչպես ասում են, թող Աստված դատի, կների, թե ոչ՝ դա էլ արդեն Աստծու գործերն են»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Խոսելով նաև այն մասին, թե ինչու են մեր կաթողիկոսներն իրենց այդպես պահում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ի վերջո մենք գործ ունենք նաև պատմական իներցիայի հետ։ Նա նշեց, որ Հայաստանը դարերով պետություն չի եղել, եղել է այլ պետությունների մի մաս, հայ ժողովուրդը դարեր ի վեր պետականաստեղծ ժողովուրդ չի եղել, եղել է համայնք՝ այլ պետության, այլ ժողովուրդների մեջ՝ որպես փոքրամասնություն։
«Եվ, այո, այդ պարագայում եկեղեցին շատ կարևոր դեր է ունեցել, ինչ-որ տեղ էլ կենտրոնական դեր՝ այդ ազգային ինքնակազմակերպման կարևորագույն ֆունկցիաներն իր վրա վերցնելով, սակայն ժամանակները փոխվել են, բայց այդ ընկալումը՝ ոչ։ Այնպես որ, ես կարծում եմ՝ այդ հարցի լուծումը եկեղեցական դասի սերնդափոխության մեջ է, այն բնականոն սերնդափոխության, և խոսքս միայն կենսաբանական իմաստով չի, այլ ընկալումների իմաստով, որովհետև հնարավոր չէ ապրել և հաշվի չնստել պետության գոյության հետ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում