Կուսակցությունները, որպես քաղաքականությամբ զբաղվող կոլեկտիվներ, «կենդանի օրգանիզմ են», որտեղ «օրգանական» տարատեսակ պրոցեսները՝ ներքին կարգապահությունից մինչև գործունեության ձև և բովանդակություն, բնական երևույթ են։ Որքան ժողովրդավարական են կուսակցությունները, այնքան հանրության համար ավելի տեսանելի ու շոշափելի են հիշյալ պրոցեսները։ Տոտալիտար և կամ ավտորիտար կուսակցական օրգաններում, բնականաբար, ժողովրդավարությանը փոխարինում է դեսպոտիզմը, քարացած հիերարխիան՝ «կուսղեկի ասածն օրենք է, դե ուրեմն՝ կեցցե կուսղեկը» սկզբունքով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ, որպես կայացած քաղաքական կազմակերպություն և հատկապես երկրի կառավարումը ստանձնած ուժ, ներքին ժողովրդավարական նման պրոցեդուրաների միջոցով ենթադրաբար պետք է անցնի 24/7 ռեժիմով, որոնց նպատակն, անխոս, ներթիմային խնդիրները վեր հանելը, շտկելն է՝ պետական կառավարման արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով։ ՔՊ-ի կանոնադրության մասնավորապես «Կուսակցության կերպարը» բաժնում ամրագրված է հետևյալ սկզբունքը. «Իշխող կուսակցություն լինելը առանձնահատուկ պատասխանատվություն է: Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ իշխանության հասած ուժը պիտի հոգ տանի իր հավաքական և կուսակցության անդամների բարեվարքության մասին՝ պահպանելով բարձր չափանիշներ: Կոռուպցիայի կանխարգելումը և անողոք պայքարը կոռուպցիայի դեմ կուսակցական էթիկայի մաս է»:
Վերջին շաբաթներին մամուլի տարբեր միջոցների ուշադրությունը մասնավորապես կենտրոնացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճի «իրավաքաղաքական հետևանքների», ինչպես նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին «պաշտոնանկ անելու» խնդրի վրա։ Որոշ շահագրգիռ ուժեր էլ, գեներացնելով այս լուրերը, հրճվանքով «ավետում են» ՔՊ-ի ներսում ի հայտ եկած «ճաքերի», «պառակտումների» ու «թևերի» մասին՝ եզրակացնելով՝ «ռեժիմը խուճապի մեջ է»։
Այս՝ ՔՊ-ի ներսում առկա «թևերի» և «խուճապահար» լինելու խնդրին ԱԺ-ում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հեգնելով՝ ոչ, ռեժիմը խուճապի մեջ չէ։ Ապա պարզաբանել է՝ կուսակցության՝ որպես մեծ կոլեկտիվի և թիմի ներսում մշտական բնույթ են կրում քննարկումները, քննադատություններ էլ հնչում են բոլորի մասին։ Լրագրողի ճշտմանը՝ ՔՊ-ում չկա՞ն ալենսիմոնյանական և անդրանիկքոչարյանական թևեր, Ա. Սիմոնյանն արձագանքել է. «Ո՞նց կարող է լինել քոչարյանական թև, սիմոնյանական թև, կա թիմ՝ նիկոլփաշինյանական, որտեղ տարբեր մարդիկ տարբեր հարցերի շուրջ կարծիքներ ունեն»։ ԱԺ նախագահը շեշտել է միաժամանակ՝ ՔՊ վարչությունը որևէ մեկին (ի մասնավորի՝ Անդրանիկ Քոչարյանին-խմբ.) պաշտոնանկ անելու հարց չի քննարկում։
Թեմային անդրադարձել է նաև ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը։ News.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով իշխող թիմում առկա «թևերի» մասին դիտարկմանը, մասնավորապես հայտարարել է. «Իսկ ո՞ր թիմերում չկան թևեր, թևերը, սակայն, չպետք է լինեն այնպիսի թևեր, որոնք խանգարում են, ասենք, բարձրախոսը բռնելուց, թևեր կարող են լինել մտածողության, ապագայի նկատմամբ պատկերացումների, բայց այդ թևերը չեն կարող խանգարել մեր երկրի կայուն ընթացքին, նաև մեր ներքին կայունությանը, անվտանգությանը, էդպիսի մտահոգություն եթե լինի, կարծում եմ՝ Փաշինյանն ինքը կկանխի այդ ամենը, որովհետև շատ կարևոր է՝ էն, ինչի միջով անցավ մեր երկիրը պատերազմից հետո, դա հենց պառլամենտի շնորհիվ է, պառլամենտի և քաղաքական թիմի՝ կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշման շնորհիվ։ Հիմա ուզում եք դա ուրանա՞նք։ Դուք եք ուզում, ընդդիմությունն է ուզում, հոգևորականն է ուզում, չենք ուրանալու, հանգիստ մնացեք, մենք մեր հարցերը կքննարկենք։ Եթե պետք է, եթե մեր մեջ չկան անշրջելի ինչ-որ իրողություններ, մենք էդ իրողությունների և էդ անձանց հետ կապված, եթե որևէ մեկը կա, կկայացնենք որոշումներ»։
Հիշեցնենք, որ օրերս էլ Հ1-ի տաղավարում ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանն էր անդրադարձել «թևերի» մասին դիտարկմանն ու նկատել. «Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք, իհարկե, չենք բաժանվում: Երևույթը հետևյալում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ միայն ՀՀ ներսում, որպես պետության, ժողովրդավարության ջատագովն է, այլ նաև՝ թիմի ներսում: Մեզ մոտ կա ժողովրդավարություն, կա խոսքի ազատություն: Բայց նաև սրա հետ կապված մենք պետք է հասկանանք այն սահմանները, որոնք որ ունենք ու պետք է ունենանք: Եվ առհասարակ, այն քննարկումների որակը, որոնք որ ունենում ենք թե՛ ԱԺ-ում ընդդիմության հետ, թե՛ թիմի ներսում, դրանց որակի բարձրացման ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրենք»:
Հարկ է նշել, որ ներկուսակցական խմորումները տարատեսակ գործընթացների տեսքով՝ այսպես ասած, «զտումներ», ինչպես նաև լուծարումներ, վերակազմակերպումներ, եթե կուզեք՝ «թևերի բաժանումներ» (ցցուն օրինակը ՍԴՀԿ-ի դեպքն է), բնորոշ են քաղաքական գրեթե բոլոր ուժերին, և այս «ոդիսականով» անցել են հասարակությանը քաջ հայտնի մի շարք ուժեր։ Խնդիրն այն է, թե ի՞նչ վերջնարդյունք են ունենում այդ պրոցեսները քաղաքական կառույցների համար՝ առողջացո՞ւմ, դիմադրողականության բարձրացո՞ւմ, քաղաքական կապիտալի արդյունավետ օգտագործո՞ւմ՝ մնալով պետական կառավարման «առաջնագծում», թե՞ ներքին անառողջ վիճակի խորացում և դրա հետևանքով ի հայտ եկող անխուսափելի փտախտ ու «նավի խորտակում»։
Ի դեպ, ՔՊ-ի ներսում առկա «տեկտոնական» շարժերի ու ճաքերի մասին խոսում են այն գործիչները, որոնք և որոնց ներկայացրած քաղաքական ուժերը ամենաուժգին ցնցումն ու հետցնցումն են ապրել մասնավորապես 2018 թվականի հեղափոխության օրերին ու դրանից հետո։ Խոսքը մասնավորպես ՀՀԿ-ի մասին է։ Նախքան հեղափոխությունը, մասնավորապես քառօրյա պատերազմից ամիսներ անց, երբ բանակում առկա իրավիճակի մասին եղան աղմկահարույց բացահայտումներ, տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, և հասարակական հիասթափությունը մոտ էր կրիտիկական աստիճանին, Սերժ Սարգսյանը որոշեց «ռեբրենդինգ» անել ՀՀԿ-ն՝ խոսելով «զտումների», այն է՝ ՀՀԿ-ի անունը խայտառակած դեմքերից ազատվելու մասին։ Նկատենք՝ այդ՝ կարևոր, բայց շատ ուշացած պրոցեսի մասին Սերժ Սարգսյանը խոսեց իր պաշտոնավարման մայրամուտին՝ 2016-ի դեկտեմբերին ՀՀԿ համագումարում, 2017-ի ԱԺ ընտրությունների նախընթաց շրջանում։ «Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»,- մասնավորապես նշել էր Սարգսյանը։ Ի տարբերություն ՔՊ-ում տեղի ունեցող ժողովրդավարական, ինչպես նշվեց՝ բնական ու օրգանական պրոցեսների, որոնց նպատակը խնդիրների մասին բարձրաձայնելն ու դրանց կոլեկտիվիզմի սկզբունքով լուծում տալն է, ՀՀԿ-ի ներսում տիրում էր «օջախի» տրամաբանություն, որի «հարգապատիվ հայրն» էլ Սերժ Սարգսյանն էր։ (Այս՝ ներկուսակցական մթնոլորտի մասին բացահայտումն, ի դեպ, արել էր ՀՀԿ փոխնախագահ Է. Շարմազանովը)։ Սարգսյանն, ի դեպ, որպես «ծնող», «դաստիարակել ու աճեցրել» էր այնպիսի «զավակներ», ինչպիսիք էին մասնավորապես կրիմինալ սկանդալների հերոս Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», հիշոց-հայհոյանքների զիլ մասնագետներ Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը», իր եղբայր Սաշիկ Սարգսյանը, իր սանիկ «Ալրաղացի Լյովիկը»՝ Լևոն Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը՝ «Չոռնի Գագոն» և ուրիշներ… Այս անձինք, սակայն, այդպես էլ «չմաքրվեցին» ՀՀԿ-ից և որպես «անառակ որդիներ» իրենց ծնողի գուրգուրանքը վայելելով հասան մինչև 2018-ի հեղափոխություն։
Ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտարարած «շաբաթօրյակին» արդեն իսկ նախորդել էր առաջին մեծ ցնցումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը, ՀՀԿ-ի երեսին դուռը շրխկացնելն ու …«առվակ» դառնալը։
Հ. Մանուկյան