Գյումրու «Սև Բերդ»-ի հարակից տարածքները սեփականաշնորհվել են և որքանով անզեն աչքով է տեսանելի մարդկանց համար, առնվազն խնդրահարույց շատ տարրեր կան այնտեղ: Հիմա էդ հարցով պե՞տք է քրեկան գործ հարուցվի, թե ոչ:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ առաջիկա ընտրություններից առաջ ՀՀ խոշոր համայնքներում իշխանություն ունենալու վերաբերյալ հայտարարություններին:
Պետրոս Ղազարյանի՝ հետը կոալիցիա եք կազմում, կառավարում եք (նկատի ունի «Բալասանյան դաշինք»-ին-խմբ.), այդ ժամանակ տեսանելի չէ՞ր կոռուպցիան, հարցին, Ալեքսանյանն ասաց՝ ոչ: Նաև նկատեց՝ իրենց որոշումն է եղել կոալիցիա կազմելն էլ, խզելն էլ:
Հենց որոշում եք կոալիցիա խզեք, քրեական գործերը գալիս են ընդդիմադիրների ուղղությամբ, սա զուգադիպությո՞ւն է: Պատասխանելով հարցին, Ալեքսանյանն ասաց՝ իհարկե:
«Ինչ վերաբերում է Գյումրուն, նախ ինձ համար անհասկանալի է էն որոշումը, որով որ «Բալասանյան դաշինք»-ի անդամները մանդատներն են վայր դրել: Հիմա Հանրայինի եթերով ասում եմ, եթե ինչ-որ ակնկալիք կա դրա հետ կապված, որ ինչ-որ քրեաիրավական հետևանքներից պետք է ինչ-որ մեկին ազատի դա, դա շատ կեղծ, սխալ մտածում է:
Երկրորդ, մենք նրանց հետ ոչ մի քննարկում չենք ունեցել, որ իրենք իրենց մանդատները վայր դնեն, մենք դրա մասին իմացել ենք մամուլից: Առհասարակ, այս պրոցեսը ինչ իրենք են անում, ես անձամբ գնահատում եմ Գյումրու նկատմամբ անպատասխանատու վարքագիծ, երբ որ Գյումրին փաստացի թողել են առանց կառավարման: Մենք դա բնականաբար, չէինք ուզում և ոչ մի վայրկյան ոչ ակնարկել ենք, ոչ հետները խոսել ենք, ոչ պնդել ենք, ոչ առաջարկել ենք»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Այսինքն՝ փաստացի Գյումրին չունի քաղաքապետ։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել: