Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման եւ մասնավորապես դրա ժամկետների թեմայով ընդդիմադիր որոշ գործիչների հայտարարություններն այլեւս ծիծաղ են հարուցում։ Իսկ այն, ինչն արդեն ծիծաղ է հարուցում (ինչպես հայտնի ասույթն է վկայում) վտանգավոր չէ։

Երկու տարի առաջ այս օրերին՝ փողոցային անպտուղ դեգերումներից հետո, խորհրդարան վերադարձած, ապաեւ՝ պաշտոնապես կազմաքանդված «Հայաստան» դաշինքի անդամ, «Դիմադրության» շարժման երբեմնի առաջնորդ Իշխան Սաղաթելյանն իր մեջ ուժ է գտել եւ հայտարարել՝ «այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, որ խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլեւս հնարավոր չի որեւէ բան անել, եւ գնում ենք հերթական ընտրություններին, առնվազն մենք այդպես չենք մտածում եւ չենք կարծում, որ այս իշխանությունը պետք ա հասնի 2026 թվական»։

(Նույն գործիչը, ի դեպ, 2022-ի «դիմադրության օրերին» էր օր ու մեջ հայտարարում՝ Փաշինյանը «էսօր-էգուց է», սակայն «էգուցը» ձգվում է արդեն երկու տարի։ «Դիմադրության» շարժման «սրբազան» շարունակության լիդեր Վազգեն (Բագրատ) Գալստանյանն էլ, հիշեցնենք, գերազանցեց ժամկետ սահմանելու սաղաթելյանական ռեկորդը՝ ժամ ու կեսը սարքելով 96 ժամ, հետո՝ մինչեւ ամառ, հետո՝ մինչեւ սեպտեմբեր, հետո էլ․․․ մինչեւ եկող մայիս):

Բնական ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչի՞ հիման վրա է պարոն Սաղաթելյանը վերոհիշյալ կանխատեսումն արել, ըստ նրա՝ ի՞նչ հրաշք եւ կամ «արմագեդոն» է տեղի ունենալու այս ընթացքում, որը բերելու է գործող իշխանության հեռանալուն․ աստղերի դասավորությո՞ւնն է փոխվելու, մագնիսային «հուժկու եւ վճռական» փոթորի՞կ է տեղի ունենալու Յուպիտերի վրա, թե՞ հայ ժողովուրդն է հիշողությունը «կոլեկտիվ հայտով» կորցնելու ու Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արեւով երդվելու՝ կրկնելով 2018-ի ֆենոմենը:

Փաստ է, որ իշխանափոխության սահմանադրական որեւէ գործիք ընդդիմությունը չի կարողանում գործարկել, ի վիճակի չէ նույնիսկ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն գլուխ բերել, ավելին՝ մանդատներն է պինդ բռնել-նստել ու վայր չի դնում՝ կոշտ հակադարձելով նրանց, ովքեր որպես արտահերթ ընտրական գործընթացի «նախերգանք» առաջարկում են դրանք վայր դնելը։

Ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեսականորեն հնարավոր է տեղի ունենան, եթե լինի քաղաքական պայմանավորվածություն կառավարող ուժի եւ ընդդիմության միջեւ, ինչպես որ 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցավ, երբ երկրում ստեղծված ծայրահեղ լարվածությունը թոթափելու, հանրային համերաշխությունը վերականգնելու նպատակով խորհրդարանական ուժերը գնացին արտահերթ ընտրության։ Արտահերթի գնալու առաջարկը, ի դեպ, արել էր վարչապետը։

Արդ, եթե ընդդիմությունը համարում է, որ իշխանությունը «երկիրը տանում է կործանման», ի՞նչն է խանգարում կամ հետ պահում վերջինիս կասեցնել «կործանման» ընթացքը եւ պահանջել, որ տեղի ունենա «կործանիչներին» հեռացնելու սահմանադրական գործընթաց՝ արտահերթ ընտրություն։

Ըստ էության՝ խանգարում է վախը, սարսափը, որ արտահերթի պարագայում, երբ էլ դրանք տեղի ունենան՝ մինչեւ 2026-ը, թե հենց 2026-ին, իրենք ի վիճակի չեն լինելու արձանագրել 2021-ի քվեարկության արդյունքները, որոնք ձեւավորվեցին, այո, բացառապես երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի, ծայրահեղ բեւեռվածության հետեւանքով։

Նոր ընտրությունների դեպքում մեծ հավանականությամբ սերժաքոչարյանական ընդդիմությունը նույնիսկ ԱԺ անցնելու շեմը չի հաղթահարի «մինչեւ քոք մաշված» լինելու պատճառով։ Այլեւս ակնհայտ է, որ փողոցային ամեն հաջորդ շարժում է՛լ ավելի է խայտառակում ընդդիմության լիդերներին՝ նրանց մաշվածությունը հասցնելով գերադրական աստիճանի։

Որպեսզի Քոչարյանն ու Սարգսյանը նորից հայտնվեն խորհրդարանում, պետք է վերականգնվի 44-օրյայից հետո երկրում առկա մթնոլորտը։ Իսկ դա տեղի կունենա այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, նորից տեղի ունենա պատերազմ։ Իսկ որպեսզի տեղի ունենա պատերազմ, պետք է ամեն ինչ անել՝ տորպեդահարելու կառավարող ուժի վարած քաղաքականությունն ու սադրել, ստիպել, որ ռեալ պոլիտիկի հիման վրա կառուցված օրակարգով շարժվելու փոխարեն իշխանությունը տուրք տա պարզունակ սենտիմենտալությանն ու զբաղվի արկածախնդրությամբ։ Ահա սա է Սաղաթելյանի եւ նրա գործընկերների հույսն ու վերարտադրվելու շանսը։

Արդ, քանի որ կառավարող թիմը առաջնորդվում է «Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ եւ կայուն միջավայրի ձեւավորման» օրակարգով (ձեւակերպումը ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցից է), նշանակում է՝ պատերազմի կամ էսկալացիայի հետեւանքով արտահերթ ընտրությունների հեռանկարը տեսականորեն բացառվում է։

Ուստի ընդդիմությունը որոշել է այլ մարտավարություն որդեգրել՝ օրվա քաղաքական «փոխարժեքով» ելույթներ ունենալ, պոպուլիստական նախաձեռնություններով հանդես գալ եւ, իհարկե, «դիմադրել, քացի տալ, նույնիսկ կծել, բղավել, միլիցիա կանչել․․․»՝ ապավինելով բախտին, որ գուցե այս ընթացքում ֆորսմաժորային այլ իրավիճակներ ծագեն, ու հնարավորություն ստեղծվի վերստին զավթել իշխանությունը՝ դրանից բխող հետեւանքներով։

Հ․Գ․ Ընդդիմադիր ակտիվի փափագած իշխանափոխության, այսպես ասած, իդեալական սցենարը, ինչպես հայտնի է, սա է՝ Փաշինյանը հրաժարական է տալիս, իշխանությունը տալիս է Քոչարյանի եւ կամ Սերժ Սարգսյանի ձեռքը, հեռանում է քաղաքական ասպարեզից՝ չմասնակցելով արտահերթ ընտրական գործընթացներին։

Նման իդեալական սցենարը արժանի է կոչել «երազում կորեկ տեսնող հավի» իդիլիա՝ հովվերգություն: Բայց քանի որ ի դեմս ընդդիմության եւ դրա առաջնորդների գործ ունենք ոչ թե «հավի ուղեղով», այլ ինտելեկտուալ ավելի բարձր մակարդակ ունեցող սուբյեկտների հետ, կարելի է ենթադրել, որ վերջիններս պետք է որ համակերպված լինեն նշված սցենարի անիրագործելի լինելու մտքի հետ։

Արդ, եթե համակերպվել են, ապա պետք է քաղաքական հավեր․․․ կներեք, հովվերգության ժանրում «ստեղծագործելու» փոխարեն օգտակար գործով զբաղվեն՝ առնվազն իրենց վարքագծով նոր սպառնալիքներ չստեղծեն ՀՀ-ի համար եւ չխանգարեն իշխանությանը ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգները եթե ոչ չեզոքացնելու, ապա գոնե նվազագույնի հասցնելու դժվարին գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ