Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում ուժի մեջ է մտել ուղեվարձի վճարման երկու տարբերակ՝ 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով՝ QR կոդի միջոցով։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը կարծում է, որ այն, ինչին այսօր անցնում է Երևանի տրանսպորտային ցանցը, պետք է լիներ տասնյակ տարիներ առաջ:

«Չկա մի քաղաքակիրթ երկիր, որտեղ քաղաքացի-վարորդ գումարի փոխանակման պրոցես կա, նույնիսկ ինձ համար հետամնաց ՌԴ-ում չկա այդ պրոցեսը, հարևան Վրաստանը վաղուց անցել է այն համակարգին, ինչը մենք այսօր ենք անում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նշում է, որ հունվարի 1-ից լինելու է տրանսպորտային համակարգի բոլորովին նոր վճարման համակարգ և ավելացնում, որ թեև հայ հասարակությունը դժվարությամբ է ընտելանում ցանկացած փոփոխության, սակայն հետո հասկանում է դրա կարևորությունը:

Անդրադառնալով Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի, այսպես ասած, տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու հայտարարությանը՝ Խաչատրյանն ասում է, որ չի զարմացել դրանից: Ըստ նրա՝ սա հերթական հաջորդ ներկայացման նախաբանն է:

«Հայկ Մարությանն այն քաղաքապետն էր, որը շատ լավ գիտեր, որ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների մեջ գնային փոփոխություններ են լինելու, ուղղակի իր ժամանակը շատ ավելի շուտ վերջացավ, թեև ինքը ցանկացած ռեֆորմից վախենում էր: Առաջիկայում, երբ կգա արտոնությունների փաթեթը, ես որպես քաղաքային իշխանության մաս վստահեցնում եմ, որ եթե ինքը գլուխը ամոթից չմտցնի հողի տակ, դա կանեն քաղաքացիները: Արտոնությունների փաթեթի ներդրումով բոլորը կհասկանան, որ սա ոչ թե տրանսպորտային ցանցի թանկացում էր, այլ՝ հակառակը: Այո, դժվար է լինելու, այո, թանկանում է մեկանգամյա օգտագործողների համար, բայց բազմամյա օգտագործողների համար տրանսպորտի վճարը նույնիսկ 100 դրամից էլ ցածր է: Հետևաբար Հայկ Մարությանը, եթե մի քիչ ամոթ ունենա, կգտնի հող, որտեղ գլուխը կթաղի»,- ասում է նա:

Միաժամանակ Խաչատրյանը նկատում է՝ Հայկ Մարությանը քաղաքապետարանում անգամ սեփական թիմ չունի. երբ հայտարարում են, որ բոյկոտելու են նիստը, խմբակցության մի մասը բոյկոտում է, մյուս մասը՝ ոչ:

«Հստակ է, որ Հայկ Մարությանը նույնիսկ այստեղ չունի արժեք: Ինքը Երևանի քաղաքապետարանում ներկայացվածություն ունի այն բանի համար, որ հեռացվեց քաղաքապետարանից, և այդ շրջանում այն քաղաքական ուժերն ու քաղաքացիները, որոնք «մուռ» էին ուզում հանել իշխանություններից, ինչ-որ չափով ուզում էին հակադարձել, ձևի համար ընտրեցին Հայկ Մարությանին, որպեսզի վրեժխնդիր լինեն: Ո՞վ է Հայկ Մարությանը մարզերում՝ ոչ մեկը. Հայկ Մարությանը դահլիճներում «Սուպեր մամա» կամ «Կարգին հաղորդում» դիտած քաղաքացիների շնորհիվ ձայն հավաքեց: Ասեմ, որ հիմա նույնիսկ այդ քաղաքացիների շրջանում ինքը ձայն չի հավաքի: Օրինակ՝ ես սիրում էի նայել դերասան Հայկ Մարությանի ներկայացումները, բայց չեմ սիրում նայել քաղաքական գործիչ Հայկ Մարությանին»,- ընդգծում է նա:

Ըստ ավագանու խմբակցության ղեկավարի՝ Հայկ Մարությանը, լավ իմանալով սպասվող փոփոխությունների մասին, փորձում է շուտ ազդարարել, որպեսզի հետո ասի՝ «տեսաք, ստորագրահավաք արեցի, ու դրա արդյունքում ունեցանք այս արդյունքը»:

«ՀՀ քաղաքացին պետք է հասկանա, որ ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, սա պետություն է, հայրենիք է, որի համար մենք պետք է պայքարենք ոչ թե ծաղրածուներով, այլ ՀՀ շահը հարգող քաղաքական ուժերով: Քաղաքացիներին խնդրում եմ ճիշտ հասկանալ, թե ինչ քաղաքական ուժի, ինչ նախաձեռնության հետևից են գնում, ինչի տակ ում ու ինչ ականջներն են թաքնված, ինչի տակ ինչ սեփական շահեր են թաքնված»,- ասում է Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ «ականջներ» են թաքնված Հայկ Մարությանի ստորագրահավաքի տակ, նա պատասխանում է. «Ես չեմ կարծում, որ կա քաղաքական հայկմարությանաոճական մի ուժ, ում ետևում չկան որևիցե տերերի ականջներ. Հայկ Մարությանի գնալուց առաջ բազում անուններ էին պտտվում, այդ անունների մեջ է պետք նրա տերերին փնտրել, որովհետև այդ տերերը այս պահին չունեն նոր սրբազաններ քաղաքական դաշտ բերելու համար, հետևաբար սրբազաններից պետք է անցնեն ծաղրածուների, դերասանների, որոնց կբերեն դաշտ ու կփորձեն ՀՀ-ում ստեղծել ինչ-որ իրավիճակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ