Դատախազությունը Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում բողոքարկել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Վերջինս հայտնեց, որ արդեն բողոքներ են ներկայացվել վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաև մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել մայիսի 18-ին՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ