Civic.am-ը ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության պահվածքի և առաջիկա ակնկալվող զարգացումների վերաբերյալ զրուցել է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ, Աշտարակի նախկին ոստիկանապետ Վարդան Մալխասյանի հետ։
— Պարոն Մալխասյան, ինչպես տեղեկանում ենք մամուլից, Բագրատ Գալստանյանը իբրև թե բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, ամենայն հավանականությամբ՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Գալստանյանի այցի հիմնական նպատակը։
— Եթե կհիշեք, ի սկզբանե, դեռևս մայիսից առաջ, երբ Բագրատ Գալստանյանը դեռ չէր եկել Երևան, ես ձեզ հետ հարցազրույցի ժամանակ էլ ասացի, որ նրա հետևում կանգնած են քոչարյանասերժական ռեժիմի, նախկին բանդիտական ուժերը և ֆինանսավորվում և ուղղորդվում են հյուսիսից՝ Մոսկվայից։ Բայց ձախողված է, որովհետև այդ ուժերը, հատկապես քոչարյանական ուժերը կապ չունեին Հայաստանի ոչ էության, ոչ մշակույթի, ոչ հավատքի, ոչ մի բանի հետ, դրանք հիմա էլ չեն զգում Հայաստանի ու հայ ժողովրդի շունչը։ Երբ որ դրանք վաստակել են ժողովրդի ծայրահեղ ատելությունը էդպիսի «պրիոմներով», տարբեր զարտուղի հնարքներով, պատրանքներով, չեն կարող նորից ժողովրդի վստահությունը կամ համակրանքը ձեռք բերել։ Երևի փողերը վերջացել են, դրա համար է գնացել։ Նրանք հիմնականում փողի ուժով են այս բաներն անում, սոցիալապես վատ վիճակի մեջ գտնվող անձանց ինչ-որ բանով շահագրգռում են. մի քանի բան էլ բացահայտվեց, հիշում եք, չէ՞, որ 3000 դրամով տարել էին ցույցի։ Մեկին 3000 էին տալիս, մյուսին՝ 30 000, ամեն վաճառվող իր գինն ունի, տարբեր են գները, մյուսինը երևի 3000 դոլար է, հիմա Բագրատի գներն ավելի բարձր են, երևի գնացել է էնտեղից փողերը ստանա իր տերերից։
— Իսկ ինչո՞ւ են բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են այստեղ ընդդիմություն ղեկավարել, գնում Մոսկվա։
— Որովհետև Ռուսաստանը ավտոկրատ, ավտորիտար, բռնատիրական պետություն է։ Հիմա ամբողջ աշխարհով ավելի շատ դեմոկրատական համակարգերը կռվում են այդ ավտոկրատ համակարգերի դեմ, որպեսզի նրանք ավելի տկարանան և չծավալվեն, նոր ավտոկրատներ առաջ չգան աշխարհում։ Հասարակ մի բան. ինչո՞ւ է էն քառակուսի գլխով Հյուսիսային Կորեայի ղեկավարն աջակցում Պուտինին, և նույնիսկ փաստեր կան, որ 10 000 զինվոր է տրամադրել. որովհետև նույն սիստեմի պետություններ են։ Հիմա, Ռուսաստանն Ադրբեջանի հետ ինչո՞ւ է այդքան մտերմանում. որովհետև երկուսն էլ նույն բնույթի օրակարգ ունեն, նույն բնույթի պետություններ են։ Հիմա դրա համար բոլոր բանդիտները, բոլոր հանցագործները, առանձնապես ծանր հանցանքների մեջ թաղված սրիկաները՝ բոլորը ծվարել են Մոսկվայում, որովհետև գիտեն, որ ավտոկրատ ռեժիմն իրենց չի հանձնի դեմոկրատ ռեժիմին։ Մոսկվան իր համակարգը կառուցել է փողատերերի, օլիգարխների, թալանչիների վրա, դրա համար դատապարտված է և չի կարողանում առաջ գնալ պատերազմում։ Հիմա նա գնացել է Մոսկվա, որ արդարանա, որովհետև ես լսել եմ, որ Ռուսաստանի օլիգարխները էս ցույցերի հետ կապված հսկայական գումարներ հատկացրին էս Բագրատ պղծազանին, ոչ թե սրբազանին, որովհետև նա բոլոր արժեքները պղծել է և նույնիսկ եկեղեցուն մեծ վնաս հասցրեց։ Դրա համար էդ հոգևոր այրերը, որ սկզբից ոգևորվել էին, ուզում էին իրեն պաշտպանել, հետո վերլուծեցին, որ եթե սրան պաշտպանեն, եկեղեցին հիմնավորապես կփակվի, դրա համար հետ քաշվեցին։ Չնայած արտաքուստ ցույց են տալիս, որ չեն աջակցում, բայց տակից էլի Ռուսաստանի հետ կապված էս կաթողիկոսն իր եղբոր հետ միասին ամեն ինչ անում են, որ Բագրատը հանկարծ ֆինանսապես չտկարանա։ Չնայած այս շարժումն արդեն վերացած է, բայց իրենք հույսը դրել են ֆորսմաժորային դրությունների վրա, երազանքների վրա, որ ցույց տան, թե իրենց շարժումը մեռած չի։
— Ըստ Ձեզ՝ այդուհանդերձ, ինչի՞ կամ ո՞ւմ վրա է Բագրատ Գալստանյանը դրել իր հույսը։
— Իր հետևում կանգնած են հիմնականում Դաշնակցությունը և Մոսկվան։ Եվ դրանք բոլորը վճարվում են, այնտեղ ձրի, ինքնակամ, զոհաբերվող կամ գաղափարական կերպարներ ես չեմ տեսնում։ Գառնիկը կարո՞ղ է իր հետևից մարդ տանել։ Չեն կարող։ Այդ կերպարներն անընդունելի են, սրանք չեն զգում, չեն պատկերացնում այս ժողովրդի շունչը: Եթե դու ուզում ես ժողովուրդ հավաքես կողքերդ, մի հատ ուսումնասիրի, պարզի ժողովրդի շունչը, ժողովրդի տրամադրությունները։ Չեն զգում, որովհետև սրանք ընդհանրապես մեր ժողովրդի հետ կապ չունեն։
— Ի՞նչ զարգացումների ականատես կլինենք առաջիկայում։
— Ընդդիմադիրների պահվածքը բոլոր առումներով վերևից ներքև այլևս վարկաբեկված է։ Միայն մի քանի ուժեր կան, որոնք դեպի Եվրոպա են գնում. այդ ուժերին է ժողովուրդը որոշակի չափով հավատում։ Նոր ուժեր, նոր կերպարներ, նոր երիտասարդներ պետք է գան։ Մարդիկ, որոնք արդեն 70-ի շեմին են կամ 70-ն անց են, պետք է հասկանան, որ սերնդափոխություն պիտի տեղի ունենա, պետք է ասպարեզը տան երիտասարդներին։ Ներկայիս ընդդիմադիրները մի ժամանակ իշխանության եղել են, այդ իշխանությունն օգտագործել են ուղղակի անձնական շահերի նպատակով և ծայրահեղ հարստացել են, համն ընկել է բերանները, նորից ուզում են գան թալանեն ու նորից հարստանան։ Այդ բաները ժողովուրդը լավ հասկացել է, դրա համար հին սերնդի մարդիկ պետք է ոչ թե խանգարեն, այլ պետք է նպաստեն, որ երիտասարդ, նոր ուժեր, նոր տաղանդավոր, հայրենասեր ուժեր առաջ գան։ Գլխավորը հիմա Հայաստանում պետք է ձևավորվի այնպիսի մի կուսակցություն կամ մարմին, որը պետության շահը բազմապատիկ բարձր է դասում իր անձնական շահերից։ Ես հավատում եմ, որ այդպիսի մարդիկ կգան։ Կան երիտասարդներ, որոնց ես լսում եմ, կարծում եմ, որ եթե նրանք գան ասպարեզ, ուրեմն նրանք ընդդիմություն կլինեն, և մեր իշխանություններին էլ է պետք ընդդիմություն, որովհետև իշխանությունը եթե ընդդիմություն չունեցավ, այդ իշխանությունն էլ է այլասերվում, փչանում։ Ընդդիմությունն իշխանությանը թթվածնի պես պետք է, բայց սրանք ընդդիմություն չեն, սրանք 5-րդ շարասյուն են, որոնք ուզում են երկիրը ներսից պայթեցնել։
— Բագրատ Գալստանյանի կողմնակիցները շարունակում են ոստիկաններին վիրավորելու գործընթացը և այսօր Գալստանյանի «պայքարի» ֆեյսբուքյան էջով տարածում են մի տեսանյութ, որում երևում է, որ աղբամանների վրա փակցրել են ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի նկարները՝ վիրավորական գրառումներով։ Ես կխնդրեմ, որ Դուք, որպես նախկինում ոստիկանապետ աշխատած մարդ, ձեր վերաբերմունքն արտահայտեք այս արարքի վերաբերյալ։
— Դա հակապետական վերաբերմունք է։ Ես էլ ոստիկանապետ եմ եղել 90-ականներին, այն առաջին պատերազմի ժամանակ մենք հիմնականում զբաղվում էինք սահմանների պաշտպանությամբ, և ես այս 34 տարվա մեջ լավ զգում եմ, որ ոստիկանության վարկանիշը երբևիցե այդքան բարձր չի եղել, ինչքան հիմա։ Հարցումներն էլ ցույց տվեցին, որ ոստիկանության վարկանիշը հասել է 62 տոկոսի, ոստիկանությանը վստահում են, ոստիկանությունը պետության ինդիկատորն է։ Հիմա նույն եվրոպական երկրներում հասարակ մարդիկ ամենաշատը սիրում, հավատում ու վստահում են ոստիկաններին, որովհետև ոստիկանի մեջ տեսնում են իրենց պաշտպանին։ Այսօր Ոստիկանության հասցեին այդպիսի նշավակող, խուլիգանական արտահայտություններ թույլ տալը հակապետական գործունեություն է։ Իմ ժամանակ որ լիներ, ես խստագույնս կպատժեի, իհարկե ոչ թե օրենքից դուրս։ Դա պատժելի արարք է։ Նման անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ նշանակում է անհարգալից վերաբերմունք պետության նկատմամբ։ Դրանց արարքը խոսում է այն մասին, Հակոբ Պարոնյանից մեջբերեմ, որ «հայհոյանքը խոսքի սով է», այսինքն՝ որ էլ խոսելու նյութ չունես, ստիպված հայհոյում ես և իջել ես նշաձողի ամենացածր աստիճանին։ Ես զարմանում եմ, որ Արամ Հովհաննիսյանն այդ բաները հանդուրժում է։ Հլա նայեք Ամերիկայի ու Եվրոպայի ոստիկաններին, ձիերով քշում են ցուցարարների վրա, շուն են բաց թողնում մարդկանց վրա։Մեր ոստիկանները ծայրահեղ դեպքում են ուժ կիրառում, այսինքն՝ մեր ոստիկաններն անհամեմատ ավելի լոյալ են ու բարի, քան Ամերիկայի ու Եվրոպայի ոստիկանները, սրանք էլ առիթավորվում են։ Այդպիսի բաները պետք է խստագույնս պատժել ու չպիտի թողնել, որ ծավալվի։