Հեղեղված ավտոկայանատեղիներում կարող են մահացած մարդիկ լինել. Իսպանիայում զոհերի թիվը հնարավոր է հասնի 500-ի

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել մոտ 500-ի:

Այս մասին գրել է Español թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մառլասկան հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 207-ի, և այն կշարունակի աճել։ Որոշ աղբյուրներ հայտնել են, որ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները Español-ի հետ զրույցում ասել են, որ դեռևս կան շատ տարածքներ, որտեղ պետք է որոնումներ իրականացվեն, օրինակ հեղեղված ավտոկայանատեղիները: Նրանք չեն բացառել, որ այնտեղ կարող են շատ մահացած մարդիկ լինել։

«Մենք չգիտենք անհայտ կորածների ճշգրիտ թիվը: Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչ մասշտաբների հետ գործ ունենք»,- ասել է Վալենսիայում աշխատող հրշեջներից մեկը:

Հորդառատ անձրևների հետևանքով վերջին 75 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից մեկը հոկտեմբերի վերջին հարվածել է Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններին: Ամենաշատը տուժել է Վալենսիան, ջրհեղեղի հետևանքները զգացել են նաև Անդալուզիան և այլ շրջաններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ