Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել համատեղ մշակույթի օրերի անցկացմանը, արվեստի ուղղություններով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության զարգացմանը, Հայաստանի և Տաջիկստանի թանգարանների միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև մշակութային տարբեր կառույցների՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորություններին:
Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալը կարևորել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին, ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը՝ ընդգծելով, որ առաջնային են համարվում համընդհանուր ներառականության ապահովումը, մշակույթի և արվեստի հասանելիությունը, ստեղծարարության, փորձարարական ու նորարարական ձևերի խրախուսումը: Մշակույթի հանրահռչակման տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՀՀ կառավարության կողմից հոբելյանական միջոցառումների անցկացումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է նաև, որ փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստանում արդեն իսկ կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ մեծ հետաքրքրություն է առաջացել այս համակարգի շուրջ. արդեն իսկ կնքված հուշագրեր կան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: