Ինչպես հայտնի է, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը երկու օրով «դադար» է վերցրել «հայրենիքի փրկության գործընթացից» և, ըստ իր շարժման պաշտոնական հաղորդագրության, բուժման նպատակով մեկնել արտերկիր։
Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն, սակայն, նա բուժզննում անցնելու պատվրակով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ-ի որոշ շրջանակների հետ։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնում՝ ի՞նչ հետազոտություններ էին անհրաժեշտ, որոնք արվում են երկու օրով, այն էլ՝ արտերկրում։ Առաքելյանը ևս չի բացառում, որ Գալստանյանն իրականում Կրեմլ է գնացել։
«Դա ավելի հավանական տարբերակ է։ Չնայած չեմ կարծում, որ հանդիպումը կլինի Կրեմլում և նրա ներկայացուցիչների հետ։ Գալստանյանին այլևս այդ աստիճան լուրջ չեն ընդունում, ուստի հանդիպումները հնարավոր է կայանան ավելի ցածր մակարդակով չինովնիկների հետ։ Դրանից հետո գան, ասեն, թե բարձր պաշտոնյանների, լուրջ մարդկանց հետ են խոսել, հանդիպել, որ ամեն ինչ շատ լուրջ է»,- կարծում է նա։
Քաղաքագետը կրկնում է՝ Մոսկվան այլևս հույս չի կապում Տավուշից Երևան հասած Գալստանյանի հետ. «Շարժման նախաձեռնման առաջին օրվանից ակնհայտ էր, որ ռուսական ուղղվածության շարժում է։ Դա էր վկայում նաև Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությունը, Գալստանյանի հայտարարությունները ՀՀ արտաքին քաղաքական համատեքստում՝ կապված Ռուսաստանի հետ, որոնցով վերջինս պաշտպանում էր ռուսական նարատիվները։ Նա փաստացի կրկնում էր այն խոսույթը, որով պարբերաբար Հայաստանի մասին խոսելիս հանդես էր գալիս Մարիա Զախարովան։ Ուստի շարժման թիկունքում մշտապես եղել է Ռուսաստանը: Նրանք գնում են այնտեղ, որտեղից քաղաքական անկայունություն վարելու հրամաններ են ստանում։ Հետո կրկին ստիպված են գնալ, որ արդեն պատճառաբանեն, թե ինչո՞ւ են ձախողվում»,- ընդգծում է զրուցակիցը։
Վերջինս համոզված է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար Գալստանյանի փոխարեն նոր դեմքեր կառաջարկի Ռուսաստանը:
«Անհանգստանալ, թե ինչ կանի Գալստանյանը մոսկովյան հանդիպումներից հետո, պետք չէ, որովհետև իր կողքին եղած 100 մարդը չի կարող երկրի ներսում որևէ բան փոխել։ Արդեն գարնանը ականատես կլինենք նոր մարդկանց ի հայտ գալուն, որոնք կփորձեն Հայաստանի ներսում նորից ինչ-որ գործողություններ իրականացնել, հասցեն էլ անփոփոխ կլինի՝ ՌԴ-ն։ Նոր առաջնորդը որևէ կապ չի ունենա հոգևորականության հետ, քանի որ հասարակության մեջ եկեղեցու և հոգևորականի հեղինակությունը բարձր չէ։ Բացի դրանից, հայ հասարակությունն այլևս Ռուսաստանի հանդեպ առաջվա վստահությունը չունի, հետևաբար հանդիպումներից հետո ընդունված որոշումները կամ սպասվող իրադարձությունները կրկին ի վնաս ՌԴ-ի կլինեն»,- ասում է նա:
Առաքելյանը շեշտում է, որ Ռուսաստանի միակ նպատակը ՀՀ-ում իրեն լոյալ Կառավարություն ունենալն է:
«Ո՞ր ուժերի վրա հույս կդնի Ռուսաստանը, օրինակ՝ գուցե ինչ-որ պահի Ռուբեն Վարդանյանը ազատվի Բաքվի բանտից ու վերադառնա Հայաստան, կամ ռուսական դաշտից ինչ-որ մարդիկ հայտնվեն մեր երկրում։ Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ այն մարդիկ, որոնք ասոցացվում են կամ կապ են ունենում Դաշնության հետ, ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Նրանք ինքնաբերաբար դառնում են անընդունելի անձնավորություններ հայ հասարակության համար»,- եզրափակում է նա։
Մերի Խաչատրյան