Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի վճարման՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած նոր համակարգին։ Նա ասել է, որ հիմա են այդ համակարգը գործարկել, որ բացահայտեն հնարավոր անհարթությունները և հունվարի 1-ից փաստի առաջ չկանգնեն․
«Այսօր արձանագրված խնդիրները մեզ համար աշխատանքի ուղղություն են՝ շտկումներ անելու համար»,- ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ շատ տեղերում մարդիկ չեն վճարել. «Այստեղ էլ որոշակի միջոցներ ու մեթոդներ կիրառելու ենք, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ինչու է այս ամենն արվում»։
Ավինյանի խոսքով՝ միասնական տոմսային համակարգը ներդրվում է Երևանում որակյալ հանրային տրանսպորտ ունենալու համար. «Պիտի երբեք ետ չգնալ այն տրամաբանությանը, որ առաջ կար»։
Քաղաքապետը հայտնել է, որ այսօր հանդիպել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ և քննարկել միասնական տոմսային համակարգի լիարժեք ներդրմանն ընդառաջ տրանսպորտից բանկային քարտերից օգտվելու հնարավորությունը․ դրանով հնարավորություն կլինի տրանսպորտի համար վճարել բանկային քարտով և տերմինալներով։ Շուտով թողարկվելու են նաև My fare տրանսպորտային քարտերը, որոնք դառնալու են անվանական։ Լինելու են տարբեր խմբեր, որոնք օգտվելու են զեղչային համակարգերից. «Ես վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ»։