Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը:
««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիևի հանձնարարությունը կատարելու և հատկացվող ֆինանսական միջոցները յուրացնելու գործին։ Ընդ որում` կարևոր չեն հիմնավորումները, պատմական աղբյուրներն ու օբյեկտիվությունը։
Սխեման աշխատում է հետևյալ կերպ․ «հետազոտության» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային որևէ օբյեկտ, անվանել այն աղվանական կամ թյուրքական, ասել, որ հայերը յուրացրել են դա, և նյութը պատրաստ է, գումարն էլ՝ յուրացված։
Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անվան Պատմության ու ազգաբանության ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի հոդվածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։
Ավելորդ է նշել, որ հոդվածը կառուցված է կեղծ և անտրամաբանական պնդումների վրա։ Այն սկսվում է նախաբանով, որում նկարագրվում է, որ ժամանակին թյուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստվածություններին և հետևաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եվ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցված, ուրեմն այն աղվանական ճարտարապետության նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրությունը փորձում է ադրբեջանական անցյալի մեջ միաձուլել թյուրքական և աղվանական բաղադրիչները)։
Ինչ վերաբերում է Ամբերդի տարածքում 11-րդ դարում հայ իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Վահրամաշեն Կաթողիկե եկեղեցուն, ապա, ըստ ադրբեջանցի գիտաշխատողի, այն նման է Գանձասարի եկեղեցուն։ Ըստ Իսմայիլովի տրամաբանության՝ քանի որ հայկական Գանձասարը նույնպես «աղվանական» է և նման է Վահրամաշեն եկեղեցուն, վերջինս էլ նույնպես «աղվանական» է։ Եկեղեցու պատերի հայերեն գրությունների առկայությունն էլ իր «բացատրությունն» ունի․ «հայերը դրանք ավելացրել են 20-րդ դարի սկզբին՝ ամրոցը յուրացնելու նպատակով»,- ասում է ադրբեջանցի հեղինակը։
Եվ երրորդ «փաստարկը»՝ 11-րդ դարում` Պահլավունիների օրոք, կառուցված բաղնիքը 20-րդ դարում ստեղծված «Ադրբեջանի բաղնիքային ճարտարապետության յուրահատուկ տիպիկ օրինակներից մեկն է»։
Իրականում Ամբերդ ամրոցն՝ իր հարակից շինություններով, ո՛չ ադրբեջանական է, ո՛չ թյուրքական (չնայած որոշ ժամանակ գտնվել է սելջուկյան տիրապետության տակ), ո՛չ էլ աղվանական։
Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարերով:
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից: 10-րդ դարում այն պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից մեկը։ Ամրոցին էր վերապահված Անի քաղաքի պաշտպանական համակարգի պատասխանատու դերերից մեկը:
Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյանների օրոք դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է ճարտարապետական հետևյալ կառույցները՝ միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (10-11-րդ դդ.), գաղտնուղիներն ու ամրոցի ներսում այլ շինություններ»,-նշված է հոդվածում: