Դիվանագիտության մասին ծանծաղ դատողություններ անող ՀՅԴ-ականին հիշեցում

Ադրբեջանում պահվող գերիների հարցը, թող տարօրինակ չհնչի, ընդդիմությանը հուզում է այնքանով, որքանով այդ հարցի շահարկումը կօգնի իշխանությանը էժանագին, անհիմն մեղադրանքներ ներկայացնել և քարոզչական նպատակներով օգտագործել։ Թե՝ «մոռացության են մատնել գերիներին, աշխատանք չեն տանում նրանց վերադարձնելու ուղղությամբ, քանի որ», ինչպես ժամանակ առաջ ազդարարեց ՀՅԴ-ականներից մեկը՝ «նրանց վերադարձից սարսափում են» (խոսքը մասնավորապես ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձից «սարսափելու» մասին է)։

Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունը, ինչպես տարբեր պաշտոնյաներ են այս ընթացքում քանիցս հայտարարել, ամենօրյա աշխատանք է տանում գերիների վերադարձը մեկ օր շուտ իրականություն դարձնելու համար։ Այս հավաստիացումներին հավատալն ու դրանք ի գիտություն ընդունելը, բնական է, ընդդիմությանը ձեռք չեն տալիս, քանի որ եթե ընդունեն, ապա կզրկվեն ակտուալ թեմայով կրքոտ ելույթներ ունենալուց՝ այսպիսով ցույց տալով հասարակությանը, թե միակ ուժը, որի «թոքն ու ջիգյարը մրմռում է» գերիների վրա, եղել է և կա ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, զորօրինակ, ինքնավստահ հայտարարել է՝ «սուտ են ասում, որ գերիների հարցը իրենց օրակարգում է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողը ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ է ունենում և որևէ կերպ դրան չի անդրադառնում, դա մեզ համար նաև լրջորեն փաստ է՝ պնդելու, որ էս մարդիկ չեն զբաղվում։ Հիմա տակից ով, որտեղ ինչ ա բանակցում, ինչի համար և ինչ առևտրի առարկա կա էդ արանքում՝ դա արդեն մեզ համար կարևոր չէ»։

Փաստորեն, Իշխան Սաղաթելյանին թվում է, որ ՄԱԿ ամբիոնը միակ տեղն է, որտեղ ելույթ ունենալիս պետք է պարտադիր բարձրացնես գերիների հարցը, եթե այդ ամբիոնից չես հնչեցնում հարցը, ուրեմն «վսյո», «փակում ես» հարցն ու մոռանում։ Դիվանագիտական աշխատանքի մասին նման ծանծաղ դատողություններ անող ՀՅԴ-ական պատգամավորին ուզում ենք հիշեցնել, որ նախորդ տարի դեկտեմբերին 32 գերիները վերադարձան ոչ թե այն պատճառով, որ ՀՀ պետական պաշտոնյաները որևէ ամբիոնից բոցաշունչ ելույթ էին ունեցել, այլ դիվանագիտական հաշվարկված աշխատանքի արդյունքում։ Արձանագրենք՝ Իշխան Սաղաթելյանի ու ընդդիմադիր իր գործընկերների «փեշակը» գերիների թեման շահարկելն ու ծեքծեքալն է, իսկ իշխանության առաքելությունը լուռումունջ գործ անելը՝ առանց էժանագին ճղճղոցների։

Քանի որ շաբաթներ հետո Ադրբեջանում պետք է տեղի ունենա «COP29»-ը, ընդդիմությունը, ինչպես և սպասվում էր, որոշել է առիթն օգտագործել ինքնադրսևորվելու համար։ ՀՅԴ-ն և դրա խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները որոշել են առաջիկա օրերին ակցիաներ իրականացնել Երևանում, այդ թվում՝ ԱԳՆ-ի շենքի առաջ (ակցիա կանեն նաև ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների առաջ)։ Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է նաև ԱԺ հրատապ նիստ հրավիրել։ «Հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցի հետ։ Խոսքը թե 2020 թվականի ողբերգական պատերազմի ընթացքում, թե դրանից հետո և թե Արցախի հայաթափման ընթացքում գերեվարված ռազմաքաղաքական առաջնորդների մասին է։ Եվ յուրաքանչյուր հասցեատիրոջ համար այնտեղ նախատեսված են կոչեր։ Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»,- հայտարարել է ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ խոսքը ԱԺ հայտարարության նախագծի մասին է, այլ ոչ թե երկու խմբակցությունների հայտարարության։ «Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Վերջինիս հայտարարության մասնավորապես այն ձևակերպումը՝ «տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկմանը», վկայում է քիչ վերը արված եզրակացությունը՝ գերիների հարցը ընդդիմության համար «պարապ վախտի խաղալիք» է, որը կարելի է շահարկել պատեհ առիթի դեպքում ու այդ խնդրի ուղղությամբ իշխանության կատարած աշխատանքը ստվերելու նպատակով անհեթեթ կասկածներ հայտնել։

Այժմ հատուկ Իշխան Սաղաթելյանի, Հայկ Մամիջանյանի և նրանց պես «անհավատների» համար հիշեցնենք ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների մի քանի հայտարարություններ, որոնք անառարկելիորեն ապացուցում են գերիների ուղղությամբ դիվանագիտական տարբեր մակարդակներում տարվող աշխատանքի մասին։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնավորապես ս.թ. փետրվարին Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր՝ «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»։

Ս.թ. փետրվարին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին։ Եվ նաև հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է, և շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023 թվականի դեկտեմբերին մեզ հաջողվեց մեր 32 գերեվարված եղբայրներին վերադարձնել։ Ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»։ Գալստյանը, հիշեցնենք, նախորդ շաբաթ էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց գերիների հարցը, և վարչապետը համանման պատասխան տվեց։

Վարչապետն, ի դեպ, սեպտեմբերի 18-ին էլ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, ազդարարեց՝ «խաղաղության պայմանագիրը պետք է լուծի գերիների հարցը, ոչ թե նրանց մասին հիշատակումը պայմանագրում»։

Ս.թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, հանդիպելով նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ, անդրադարձել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: ԱԺ նախագահը սեպտեմբերի 9-ին ընդունելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ հույս էր հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: Հոկտեմբերի 15-ին էլ Ժնևում հանդիպելով Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ՝ Ալեն Սիմոնյանը կրկին բարձրացրելէր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն էլ հոկտեմբերի 28-ին է հայտարարել, որ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Նախքան այդ էլ՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորությամբ տեղի էր ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Եվս մեկ հիշեցում. Եվրոպական խորհրդարանը «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ վերջերս ընդունված բանաձևում ևս կոչ էր արել Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։ Եթե հայրենի ընդդիմադիր երեսփոխաններին թվում է, թե այս բանաձևը ՀՀ դիվանագիտական կորպուսի ահռելի աշխատանքի արդյունքը չէ, ապա ոչինչ չի հասկանում դիվանագիտությունից։ Բայց ավելի հավանական է, որ շատ լավ էլ հասկանում է, բայց իրեն դնում է հայտնի կենդանու կարգավիճակում և այդ կարգավիճակին հարիր հայտարարություններ անում։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողների կամ խաղաղ բնակիչների անուններ չկան։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ