Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ տարածաշրջանային խաղացող պետությունները և մասնավորապես հարևան Թուրքիան հետապնդում են խաղաղ համակեցության օրակարգը: Նա հիշեցնում է, որ վերջին շրջանում պարբերական բնույթ են կրում Թուրքիայից հնչող հայտարարություններն առ այն, որ տեսնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություն:

«Շատ կարևոր հանգամանք է հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի դիրքորոշումը: Մեծ նշանակություն ունի նաև հավաքական Արևմուտքի գնալով ավելի կոշտացող քաղաքականությունը և դիրքորոշումը՝ ուղղված Ադրբեջանին, և այս բոլորի հանրագումարում պետք է սպասենք, տեսնենք, թե Բաքվում ինչպիսի որոշումներ կկայացնեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Մկրտչյանի համոզմամբ՝ որոշումների կայացման պատասխանատվությունը այլևս մեծ հաշվով դրված է պաշտոնական Բաքվի վրա, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հենց վաղն անգամ ստորագրել Խաղաղության պայմանագիր. «Այլ հարց է, թե արդյոք Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ մենք իրականում կունենա՞նք խաղաղություն, թե՞ ոչ, իսկ դրա համար պետք է Արարատ Միրզոյանը պրոցեսին չվնասելով՝ մի փոքր փակագծեր բացի, և հանրությանը ներկայացնի, թե արդյոք կա՞ Խաղաղության պայմանագրի մեջ երաշխավոր կողմի մասին խոսակցություն, կա՞ որևէ «հեղինակություն» կողմ, ինչպիսին կարող է լինել, օրինակ, Միացյալ Նահանգները և որևէ պարագայում չի կարող լինել Ռուսաստանի Դաշնությունը»:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ այն, որ հավանականություն կա փաստաթուղթ ստորագրելու, միանշանակ է, քանի որ Ադրբեջանի նախագահին էլ կարծես թե չի դիմանում ճնշմանը, փնտրում է հարմար առիթ, հնարավորություն, պատճառ, որպեսզի միջազգային հանրության աչքերին «թոզ փչի», որ ինքը ևս կողմնակից է խաղաղությանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում շահարկվող հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վերաբերյալ՝ Մկրտչյանն ընդգծում է, որ թուրքական կողմը այդ մասով անկեղծ չէ, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը իբրև նախապայման է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. «Այստեղ էլ հայկական կողմը աշխատանք տանելու պարագայում ամբողջությամբ ունի շանսեր ու հնարավորություններ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու, որովհետև Թուրքիան ևս Արևմուտքի հետ հարաբերություններում ճնշման տակ է, և ի վերջո տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նաև Թուրքիայի շահերից է բխում: Այս համատեքստում մեր դիվանագիտությունն ունի անելիք թե՛ Միջազգային հանրությանը ապացուցելու, որ այստեղ ևս պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գնալ, և թե՛, իհարկե, թուրքական կողմին պետք է հիշեցնել, որ ԼՂ հակամարտություն կարծես թե այլևս չկա, այդ դեպքում ի՞նչն է խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով»:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Ցեղասպանության ճանաչման հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով առաջնահերթություն չէ, ինչը շահարկում է ընդդիմությունը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը նկատում է՝ «վայնասուն» բարձրացնողների շրջանակում, վստահաբար, կտեսնենք թե՛ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, թե՛ Սերժ Սարգսյանի:

«Թե՛ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին (ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում) որևէ ղեկավար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում չի դրել Ցեղասպանության խնդիրը. մի՛ մանիպուլացրեք այս հասարակությանը, որևէ մեկը դա պետական քաղաքականության հիմնաքար չի դարձրել: Ի՞նչ է նշանակում Ցեղասպանությունը մոռանում, ուրանում են. մոռանում, ուրանում են և Ցեղասպանության հարցը շատ կեղտոտ ու փնթի ձևով շահարկում են հենց այդ վայնասուն բարձրացնողները, ո՞նց կարելի է այդպիսի զգայուն հարցի շուրջ նման մանիպուլյատիվ հայտարարություններ անել»,- ասում է նա:

Մկրտչյանի համոզմամբ՝ հերթական ներքաղաքական գզվռտոցի առարկա են փորձում դարձնել այս հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ