Այսօր 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս լավատեսությունը գալիս է կազանյան հանդիպումից հետո, Լևոն Շիրինյանն ասաց, որ դա գալիս է Բայդենի նամակից և միանշանակ ամերիկյան, ֆրանսիական ճնշման չափից։
«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը և դրա զարգացումը համաշխարհային քաղաքականության մեջ այդ չափը չունեն, որ իրենք բևեռացված լինեն, հատկապես մինչև այդ արդյունք գրանցեն։ Իսկ Ամերիկայի հանրության համար Հայաստան, Ադրբեջան էն կողմ է։ Ուրիշ բան է կատարվում, որ հայկական կողմը վարպետորեն կառավարում է կոնֆլիկտը՝ ժամանակ շահելու առումով։ Մեզ բանակ է պետք։ Եվ երկրորդ՝ ինչու չէ, եթե Ադրբեջանը համաձայնի, ուրեմն կստորագրվի»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Արարատ Միրզոյանը նաև հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի թեզը համարում են կատարելապես անհիմն, և որ ունեն արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց։ Այս առնչությամբ Լևոն Շիրինյանն ասաց, որ Ալիևն ինքն իր ձեռքը կրակն է ընկել։
«Էշ-էշ դուրս է տալիս՝ Հայաստանի թուլությունը նկատի ունենալով՝ մոռանալով, որ համաշխարհային քաղաքական բեմահարթակի վրա Հայաստանը հիմա բոլորովին ուրիշ տեղում է գտնվում։ Այսինքն՝ Ալիևը այս Հայաստանն ընկալում է այնպես, ինչպես էս ռևանշիստ գողերի նախահեղաափոխական Հայաստանն էր հասկանում։ Հիմա նախահեղափոխական Հայաստան չկա»,- նշեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում