««Քաղաքացիական պայմանագիրը» չի ստիպել, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնի: Դա եղել է, քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, դա ՔՊ-ի որոշելու հարցը չէր»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Անդրադառնալով ձերբակալություններին ու քրեական գործերին և դրան զուգահեռ՝ մանդատները վայր դնելուն, Սարուխանյանը նշել է, թե այդ քրեական գործերը վաղուց են հարուցված եղել և դա իրավական պրոցես է::
«Իրավական մասով կարող եք իրավապահ մարմիններին դիմել, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ հայտարարել, որ ուզում եմ դառնալ Գյումրու քաղաքապետ: ՔՊ-ն ունի դիրքորոշում, այն համայնքներում, որտեղ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց ղեկավարները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող թեկնածուներ: Գյումրիում ՝ ես եմ »,- նշել է նա:
Սարուխանյանը հավելել է, որ ավագանու մանդատները վայր դրած «Բալասանյան» դաշինքի գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքը ունեցած 14 մանդատը վայր դնելու արձանագրություն է ներկայացրել թիվ 31 ԸԸՀ:
Մինչ այդ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել:
Նաև հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս էին եկել տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, դաշինքի ցուցակում գտնվող ավագանու աnդամի թեկնածուներ Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:
Եվս մեկ թեկնածու է մնացել դաշինքի ցուցակում, ով ավագանու անդամ չէ, և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի: