Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ նկատեց՝ աշխարհագրական ծագումնաբանությունը կարևոր է ժամանակակից տնտեսության մեջ։
Նա արձանագրեց․ «Վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ ռեգիոնի, նույն էլ՝ կոնյակը:
Այսօր, երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք սովետական շամպայն սպառողական կուլտուրայից: Մենք ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։ Դա վերաբերում է այն բրենդին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից:
Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, և այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք՝ մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ Դիլիջանում ջերմուկ չունեք պատմության նյութականացումն է, և սա շատ խայտառակ բան է»:
Վարչապետը պարզաբանեց, թե որն է այստեղ ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների խնդիրը։
«Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե մենք ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ…: Սա առաջին հերթին ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների խնդիրն է: Մենք ԵՄ աջակցությամբ ծրագրեր ունենք այդ մասով և անպայման դրանք պետք է անենք: Մինչև մենք այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը ինտեգրված է զարգացած տնտեսությանը: Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառել: Բայց թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառելու հնարավորություններն անսահմանափակ չեն, իքս պահի դրանք վերանալու են, և մենք էլ ասելու ենք՝ վա՜յ, բա էս ո՞նց եղավ: Շատ պարզ՝ մենք ուղղակի ալարեցինք բացել և երեք հատ ավելի գիրք կարդալ, հասկանալ, թե ինչպես է աշխարհն աշխատում»,- շեշտեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։