Ադրբեջանի առաջադրած թեզը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, անհիմն է․ նախարար

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և, ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ:

Այս մասին Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, ու այստեղ մենք, իհարկե, որպես շատ հզոր և կոնկրետ ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- շեշտեց նա։

Նախարարի խոսքով՝ դա նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագրով նախանշված, այն է՝ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ ՀՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջ:

«Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- ընդգծեց նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ