«Արտաքին գործերի նախարարության ջանքերը ուղղված են եղել և 2025 թվականին էլ կլինեն ՀՀ-ի շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը: Բնականաբար առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին և պետք է ասեմ, որ 2024 թվականին այստեղ ունեցել ենք շատ շոշափելի արդյունք»:
Այս մասին ԱԺ-ում բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ, ապրիլին ստորագրել ենք համատեղ փաստաթուղթ՝ երկու հանձնաժողովների ղեկավարների՝ փոխվարչապետերի միջև, և ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի Կանոնակարգը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իրենց կողմից էլ իրենց համապատասխան ընթացակարգերն է անցել, և առաջիկայում ըստ էության կողմերը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո հուսամ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն»,- ասաց Միրզոյանը:
Խոսելով Խաղաղության պայմանագրի մասին Միրզոյանը նկատեց՝ պետք է զգուշավոր լավատեսությւոն հայտնի, որ մոտ ապագայում կհաջողվի նաև համաձայնության գալ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման:
«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը նախապայման է առաջարկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ իրենց տարածքի նկատմամբ, մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն և ունենք արդեն ՍԴ որոշումը, որն արձանագրեց՝ Ալմաաթիի սահմանազատումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Սա գալիս է փարատելու բոլոր մտահոգությունները»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ մյուս ուղղությունը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է և, որ այս առումով ևս քայլեր են արվել:
«Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, որոնց տարածքով անցնում են:
Սա արտացոլված է մեր կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրում: Բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են խաղաղության խաչմերուկը»,- ընդգծեց նախարարը: