Սերժ Սարգսյանի սանիկ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես երևում է, նեղվում է իր մասին civic.am-ում ժամանակ առ ժամանակ տպագրվող հոդվածներից և կասկածում դրանց անկեղծությանը։ Այդ մասին նա ակնարկեց ԱԺ վերջին ճեպազրույցների ժամանակ։ Մեր անկեղծ տպավորությամբ՝ քաղաքական գործչին պետք է հուզեր ոչ թե իր մասին հրապարակված հոդվածների անկեղծությունը, այլ օբյեկտիվությունը, հոդվածներում արվող եզրակացությունների փաստարկվածությունը։ Թե չէ… անկեղծությունը, ինչպես կասեր պարոն Մամիջանյանի գործընկեր, քաղաքականության մեջ «եփված-տապալված» Էդուարդ Շարմազանովը՝ «քաղաքական կատեգորիա չէ»։ Իսկ այ պարոն Մամիջանյանի մոտ, անկեղծ ասած, քաղաքական շատ կարևոր կատեգորիան՝ խոսքի փաստարկվածությունը կամ փաստարկված խոսքը, սարսափելի կաղում է։ Փույթ չէ, նա քաղաքական գործիչ է, իսկ այդ մասնագիտությամբ կամ «փեշակով» զբաղվողներին «թույլատրելի է» բլեֆի, մանիպուլյացիայի, սպեկուլյացիայի, սեփական երևակայության արգասիքները ճշմարտության տեղ սղղացնելու հնարքների կիրառումը։ Հոդվածագիրներն էլ հենց նրա համար են, որ օգնեն հասարակությանը չդառնալ մամիջանյանական ոչ այնքան անկեղծ, եթե չասենք՝ կեղծ հայտարարությունների զոհը, կուլ չտան յուրային ԶԼՄ-ների տաղավարներում շաղ տված քարոզչական «կտերը»։ Այո, վերոհիշյալ գործողությունները պարոն Մամիջանյանը կատարում է թատերաբան Ստանիսլավսկու գովեստին արժանի կատարողականությամբ։
Մամիջանյան քաղգործչի համեստ անձին անդրադառնալու առիթը նրա հերթական հայտարարությունն է կայքերից մեկի հետ հարցազրույցում, մի թեմայով, որը կարելի է ասել ՀՀԿ-ի «կոնյոկն է»։ Այո, այո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելը՝ հղում անելով «ՀՀ ազգաբնակչության» 25-30 տոկոսին։ «Ես կարդացել եմ սոցիոլոգիական հարցումներով, որ Հայաստանի ազգաբնակչության 25-30 տոկոսը Նիկոլ Վովայի Փաշինյանին համարում է դավաճան»,-նախօրեին հայտարարել է խորհրդարանի թիվ մեկ պատիվունեմականը։ Հաղորդավարի ճշտմանը՝ «բա մնացա՞ծ տոկոսը»՝ Սարգսյանի սանիկն արձագանքել է՝ «լեզուն կծելով». «Մնացած տոկոսը այլ սոցիոլոգիական հարցումներով երևում ա՝ մեկ, և երկրորդը՝ Հանրապետականը բազմիցս ասել ա, որ էլեկտորալ պրոցեսով հեռացնելը մեզ համար այնքան էլ ընդունելի չի… ոչ թե ընդունելի չի, այլ՝ իրատեսական չի մի պարզ պատճառով՝ ինքը 2021-ին էլ գնաց ահռելի քանակությամբ խախտումների՝ վարչական ռեսուրսի օգտագործում, բանակի օգտագործում, չագուչը ձեռը ընգել էր մարզերը և այլն, և այլն… և էն միջազգային կառույցները, որոնք պիտի դրան գնահատական տան՝ չտվեցին, հիմա հաջորդ էլեկտորալ պրոցեսի պարագայում որոշ ընդդիմադիր գործիչների հույսը ո՞րն ա։ Մարուքյանն էր ասում, թե ով էր ասում… եթե ինքը ընտրությունները անելու ա ոնց ուզի… Հետևապես Փաշինյանի հեռացման էական, առաջին գործոնը դա համա… համաժողովրդական բառը մի քիչ բան ա, բայց համենայնդեպս լայն կոնսոլիդացիան ա»… (պարոն Մամիջանյանն այնուհետ հոգեցնցման նոպա է ունենում, երբ հաղորդավարը արձանագրում է փաստը՝ կոնսոլիդացիան պետք է ապահովի ընդդիմությունը և այդպես էլ չի կարողանում)։
Ինչևէ։ Սկսենք վերջից՝ «համաժողովրդական» բառից. այո, ընդդիմադիր այս գործչի համար «ժողովուրդ» բառի բաղադրմամբ որևէ բառի գործածումը դիսկոմֆորտ է հարուցում, քանի որ «համաժողովրդականություն» բառը ասոցացվում է 2018-ի համաժողովրդական շարժման և Սերժ Սարգսյանին մերժելու հետ։ Ինչպես այդ մասշտաբային միջոցառումներից առաջ, այնպես էլ հետո ՀՀԿ-ն և իրավունքի ուժով ԱԺ անցած «քիփլիկ» խմբակցության ղեկավարը ժողովրդականություն, այն էլ՝ «համա», չեն տեսել, չեն վայելել և դժվար էլ տեսնեն ու վայելեն։ Հետևապես, այո, ճիշտ է ասում պարոն Մամիջանյանը, որ իրենց համար ընդունելի, ձեռնտու չէ ընտրական պրոցեսով իշխանափոխության տարբերակը, քանի որ նույնիսկ ոզնուն է հասկանալի, որ գալիք ընտրություններին «գետը նորից գերան՝ 5.23%, չի բերի»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի սանիկի այն դիտարկմանը, թե 2021-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները կեղծվել են, ապա հիշեցնենք, որ ՊՈՒ դաշինքը և ընտրություններին մասնակցած ևս մի քանի ուժ դիմել էին ՍԴ։ ՊՈՒ-ն իր դիմումի մեջ մասնավորապես խնդրել էր անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն էլ իր որոշմամբ մերժել էր դիմումի բավարարումը՝ մասնավորապես փաստելով՝ «դիմողների կողմից ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների գործընթացում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն արձանագրվել ու բողոքարկման առարկա դարձել իրավախախտումների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար կարող էին հիմք ծառայել Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի այլ կետով որոշում կայացնելու համար»։ Ընտրություններից երեք տարի անց, փաստորեն, Մամիջանյանն աղաղակում է, որ աղաղակող խախտումներ են տեղի ունեցել, բայց իրեն հայտնի այդ փաստերը, փաստորեն, չի ներկայացնում իրավապահներին։
Չենք կարող չանդրադառնալ նաև երիտքաղգործչի մեկ այլ՝ ցնցող, եթե չասենք՝ անպատկառ դիտարկմանը, թե «ինքը (Փաշինյանը-խմբ.) ընտրությունները անելու ա ոնց ուզի»։ Պարոն Մամիջանյանին թերևս պետք է հորդորել սահմանափակել շփումները համապետական ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծած անձանց հետ, իսկ եթե շփումն անխուսափելի է, ապա հիշել իր քավորի սկանդալային հայտարարությունը ընտրությունների ժամանակ «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի մասին։
Հիմա գանք մեր հոդվածի հերոսի հարցազրույցի՝ վերոբերյալ հատվածի ամենազավեշտական հատվածին, թե՝ ՀՀ ազգաբնակչության 25-30 տոկոսը, «ըստ սոցհարցումների», Փաշինյանին համարում է դավաճան։ Պահանջում, հորդորում, թախանձում ենք պարոն Մամիջանյանին հրապարակել սոցհարցում իրականացրած սուբյեկտի՝ ՍՊԸ-ի կամ այլ կազմակերպության անվանումը, սոցհարցման ժամկետն ու ընտրանքը։ Եվ՝ հղումը։ Ի դեպ, այս պնդումը երիտքաղգործիչն առաջին անգամ չէ, որ անում է, այլ՝ մի քանի տարի շարունակ, ու ամեն անգամ խորհրդավոր ու հասարակությանն անհայտ, մեծ հավանականությամբ՝ սեփական գլխում ծնված սոցհարցման տվյալները հրապարակելիս տարբեր թվեր է նշում՝ վերջին դեպքում ճոխացնելով այդ թիվը մինչև 30 տոկոս։ «Փաշինյանի ռեյտինգի նվազումը նկատելի է, և ըստ որոշ հարցումների՝ ՀՀ բնակչության ամեն չորրորդը Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»,- այս տարվա փետրվարին, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ազդարարել էր Փաշինյանի ռեյտինգացավով տառապող Մամիջանյանը։ Նույն անփաստարկ միտքը Մամիջանյանը արտաբերել էր 2023-ի նոյեմբերին մեկ այլ՝ «յուրային» կայքի հետ զրույցում. «ՀՀ-ում ազգաբնակչության 25%-ը Փաշինյանին համարում է դավաճան, այսինքն՝ Հայաստանում ամեն 4-րդ մարդը նրան համարում է դավաճան, և սա, խնդրում եմ, եկեք չշփոթենք Փաշինյանի ռեյտինգի հետ, որն էլ ավելի ցածր է»։ Նույն շրջանում տրված մեկ այլ հարցազրույցում էլ. «Խնդրում եմ հաշվի առնել, որ ՀՀ-ի ազգաբնակչության (փորձելով թիվը մտաբերել-խմբ.) մեկ քառորդից ավելին հստակ ձևակերպում է, որ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Դա աննորմալ թիվ է, ես էդպիսի դեպք որևէ տեղում որևէ երկրում չգիտեմ։ Խոսքը չի գնում իր ռեյտինգի մասին, որը էլ ավելի վատն է, ավելի ցածր է…»։
Պարոն Մամիջանյանին, արդ, առաջարկում ենք կողմնորոշվել՝ Փաշինյանին ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է համարում դավաճան՝ 25-30 տոկո՞սը, ամեն երրո՞րդը, թե՞ «մեկ քառորդից ավելի»-ն։ Սոցիոլոգիան, ի դեպ, թվեր հրապարակելիս սիրում է կոնկրետություն և բացառում է «ինչքան ուզես, էդքան խփեմ» ոճի հաշվարկը։ Մի բան էլ՝ եթե գործող վարչապետին «ազգաբնակչության» այդքան տոկոսը «դավաճան» է համարում, ապա ի՞նչ է համարում նույն այդ ազգաբնակչությունը Սերժ Սարգսյանին, որի ռեյտինգն, ի դեպ, սարսափելի անմխիթար վիճակում է։ Ըստ տարբեր՝ հեղինակավոր կազմակերպությունների իրականացրած սոցհարցումների։
Հ. Մանուկյան