Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձանագրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում։
Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը խոսել է իր՝ Ներքին Հանդ կատարած այցից՝ ընդգծելով, որ Ներքին Հանդ բնակավայրի մի հատվածն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
«Այդ իրավիճակը մեծ դժվարություններ է առաջացնում բնակիչների համար։ Նրանց մոտ վտանգի զգացողություն կա, իսկ այդ վտանգը իրական է, քանի որ հարվածները կարող են նորից սկսվել։ Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ կան, մարդիկ ընդհուպ ջրի խնդիրներ ունեն, այստեղ մարդկային դրամաներ կան, մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հարազատների գերեզմաններ»,- նշել է դեսպանը։
Հարցին, թե արձանագրում է, որ Ադրբեջանն այդ հատվածում 4 կողմից ներխուժե՞լ է ՀՀ սուվերեն տարածք, դեսպանը պատասխանեց․ «Երեք կողմից, որովհետև մի կողմից մենք կարողացել ենք գնալ այնտեղ»։